Աշխարհ

Սիգերու Իսիբան պաշտոնապես վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Սիգերու Իսիբան պաշտոնապես վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) ղեկավար Սիգերու Իսիբան պաշտոնապես վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ։ Խորհրդարանի առանցքային ստորին պալատում, որն առաջնահերթություն ունի կառավարության ղեկավարի հարցը որոշելիս, քվեարկության երկրորդ փուլի ընթացքում նա հավաքել է պատգամավորների ձայների կեսից ավելին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Իսիբան ստացել է 465-տեղանոց խորհրդարանի 221 պատգամավորի աջակցությունը, իսկ գլխավոր ընդդիմադիր Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Յոսիհիկո Նոդան՝ 160-ի։ 84 ձայն անվավեր է ճանաչվել։

Օրվա ընթացքում Իսիբան կձևավորի արդեն իր երկրորդ կառավարությունն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին սկսեց աշխատել նրա վարչակազմը: Ակնկալվում է, որ կառավարության կազմը հիմնականում կմնա անփոփոխ՝ բացառությամբ այն  նախարարների պաշտոնների, որոնք չեն կարողացել վերընտրվել խորհրդարանում հոկտեմբերի 27-ի ընտրություններում: 

Իսիբայի գլխավորությամբ Ճապոնիայի՝ թվով երկրորդ կառավարությունը փոքրամասնության կառավարություն է։ Խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների արդյունքներով ԼԴԿ-ի և «Կոմեյտո» կուսակցության կոալիցիան կորցրել է մեծամասնությունը։ Խորհրդարանի հատուկ նստաշրջանից առաջ խորհրդակցությունների ժամանակ փոքր կուսակցություններից ոչ մեկը մտադրություն չի հայտնել միանալու կոալիցիային։ Արդյունքում ԼԴԿ-ն չի կարողանա առանց խնդիրների անցկացնել իր նախաձեռնությունները խորհրդարանում, ինչը կարող է հանգեցնել ընդդիմադիր փոքր կուսակցությունների հետ երկարատև բանակցությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում