Քաղաքականություն

Արդարադատության նախարարը կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված «իրական Հայաստան» հայեցակարգի հետ

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարը կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված «իրական Հայաստան» հայեցակարգի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն ամբողջությամբ կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված «իրական Հայաստան» հայեցակարգի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ «իրական Հայաստան»-ի գաղափարախոսության հետ կապված: Եվ ստանձնել եմ պարտականություն, ստանձնել եմ պատասխանատվություն իրականացնել ողջ գործընթացի իրավական ապահովումը»,-ասաց Գալյանը: 

Նախարարն ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստին, քանի որ ընդամենը 3 օր է, ինչ նախարար է, սակայն ստանձնել է պատասխանատվություն՝ նաև ապահովելու խաղաղության ողջ գործընթացի իրավական ապահովումը:  

«Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության մասին պարբերաբար իր ելույթներում խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը «իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» միջև՝ հօգուտ «իրական Հայաստանի»:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում