Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սրբուհի Գալյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիր որոշ գործիչների կողմից պարբերաբար հնչող քննադատությանը Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանո՞ւմ կան քաղբանտարկյալներ, ինչի վերաբերյալ պարբերաբար բարձրաձայնում են ընդդիմադիր տարբեր գործիչներ, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Ոչ»։
Նախարարը կարծիք հայտնեց, որ բոլոր քրեական գործերը, որոնց վերաբերյալ պնդումներ կան քաղաքական հետապնդման առումով, հարուցվել են որպես հակազդեցություն կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին:
Անդրադառնալով հարցին, թե որպես նախարար ի՞նչ է անելու, որ մարդկանց մոտ վստահություն լինի արդարության, արդարադատության վերաբերյալ՝ Գալյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այս հարցի հետ կապված արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին, երկրորդ հերթին՝ արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը: Այս երկու բաղադրիչի պահպանմամբ՝ մենք կփորձենք նախ վերհանել խնդիրը՝ հասկանալու, թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց լուծել այդ բոլոր խնդիրները»: