Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Վրաստանի նախագահը տվյալներ կտրամադրի ենթադրյալ ընտրակեղծիքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Վրաստանի նախագահը տվյալներ կտրամադրի ենթադրյալ ընտրակեղծիքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հուսով է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կկարողանա հետաքննությանը տրամադրել խորհրդարանական ընտրությունների կեղծման ապացույցներ, ինչում նա մեղադրում է երկրի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ 

«Որքան հասկանում եմ, նա (խմբ.՝ Վրաստանի նախագահը) ասել է, որ տեղեկատվություն ունի խախտումների մասին, ուստի հուսով եմ, որ նա կարող է տրամադրել այդ տեղեկատվությունը, որը տեղին կլինի ցանկացած հետաքննության համար, անկախ այն բանից, թե դա անցկացվում է Վրաստանի իշխանությունների, թե որևիցե այլ մեկի կողմից», - հայտարարել է Միլլերը: 

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների վերաբերյալ և Զուրաբիշվիլիին հրավիրել է ցուցմունք տալու։ 

Սակայն ի պատասխան դրա՝ Վրաստանի նախագահը դատախազությանը կոչ է արել զբաղվել իրենց գործերով և դադարեցնել քաղաքական հաշվեհարդարն իր նկատմամբ։ 

Մամուլի ասուլիսում Միլլերը հիշեցրել է, որ Վաշինգտոնը վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները և արդեն կասեցրել է Վրաստանի կառավարությանը 95 միլիոն դոլարի աջակցության տրամադրումը։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վրաստանի կառավարությանը կոչ է արել անցկացնել ընտրություններում բոլոր խախտումների թափանցիկ հետաքննություն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում