ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան ընտրություններից հետո հայտարարել է, որ մտադիր չէ թողնել պաշտոնը՝ չնայած նրա Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) և կոալիցիոն դաշնակից «Կոմեյտո»-ն զրկվեցին մեծամասնությունից խորհրդարանի ստորին պալատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
Իսիբան մերժել է իշխող կոալիցիայի կազմն ընդլայնելու գաղափարից, սակայն պատրաստակամություն է հայտնել դիտարկել ընդդիմադիր ճամբարի գաղափարները։ Սիգերու Իսիբան նշել է, որ ընտրություններում կոալիցիայի անհաջողությունը պայմանավորված է «ժողովրդի կասկածներին, անվստահությանը և վրդովմունքին արձագանքելու անկարողությամբ», որին նախորդել էր ԼԴԿ-ի կողմից կուսակցության ֆինանսական միջոցների օգտագործման չարաշահումների շուրջ սկանդալը։ Նա խոստացել է կուսակցության մեջ բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ ֆինանսների օգտագործման բնագավառում։
«Մենք չենք կարող թույլ տալ քաղաքական անորոշություն», - ասել է Իսիբան ԼԴԿ-ի կենտրոնակայանում անցկացված մամուլի ասուլիսում։
Ընտրություններում ԼԴԿ-ն և «Կոմեյտո»-ն միասին ստացել են 215 մանդատ՝ նախորդ 288-ի փոխարեն։ 15 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իշխող դաշինքը կորցնում է խորհրդարանում մեծամասնությունը։ Խորհրդարանում տեղերի ընդհանուր թիվը 465 է. մեծամասնության համար անհրաժեշտ է 233 մանդատ: Ընդդիմադիր կուսակցությունները կունենան 250 տեղ։
Կառավարության ձևավորման հեռանկարները մնում են անորոշ: Ընդդիմադիր կուսակցություններն արդեն հրաժարվել են միանալ իշխող կոալիցիային։ Հիմնական ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է 148 մանդատ, այլ քաղաքական ուժերի հետ միավորվելու ուղիներ է փնտրում՝ կառավարությունը փոխելու նպատակով։ Կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յոշիհիկո Նոդան հայտարարել է, որ պատրաստվում է քննարկումներ անցկացնել Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանից առաջ, որում պետք է ընտրվի նոր վարչապետ։