Իրան

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը նախապես տեղյակ է եղել իսրայելական հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը նախապես տեղյակ է եղել իսրայելական հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանը տեղեկություն է ստացել իսրայելական հնարավոր հարվածի մասին հարձակմանը նախորդող երեկոյան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ երկիրն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ հարձակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

«Մենք հարձակման հավանականության մասին ազդանշաններ էինք ստացել հարձակմանը նախորդող երեկոյից ի վեր, ինչը թույլ տվեց մեզ վստահ լինել հարձակման մեջ։ Տարբեր կողմերի հետ նաև հաղորդագրություններ են փոխանակվել, և մինչև հարձակումը մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցառումները և կատարել ենք մեր պարտականություններն այս առնչությամբ», - ասել է Արաղչին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստում։

Իրանի արտգործնախարարը նախազգուշացրել է, որ Թեհրանը կպատասխանի հարձակմանը։ 

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին, և դա կարվի համապատասխան ժամանակին», - հավելել է Արաղչին։

Հոկտեմբերի 27-ին Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ Իրանի իշխանությունների համար լիովին պարզ է, որ Միացյալ Նահանգները մեղսակից է Իսրայելի գործողություններին: Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու համար Իսրայելն օգտագործել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող օդային տարածքը։ Բացի այդ, ըստ Արաղչիի, Վաշինգտոնը նախկինում պաշտպանական տեխնիկա է տրամադրել Իսրայելին։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային հարձակումների: Հարձակումից ժամեր անց Իսրայելը հայտարարել էր, որ ավարտել է հարվածները և հասել իր նպատակներին։ Իրանում հայտնել էին, որ հարվածների են ենթարկվել Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգները, սակայն հարվածները հաջողությամբ հետ են մղվել: Հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում