Կապան համայնքի պատվիրակությունը հնգօրյա պաշտոնական այց է կատարել Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաք
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-15-ը պաշտոնական այցով գտնվել էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի Սենտ Էտիեն քաղաքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կապան համայնքից, այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն է եղել, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբերին՝ Սենտ Էտիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում երկու քաղաքների միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նշել է. «Այս համագործակցությունը վկայում է ոչ միայն մեր երկու համայնքների միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի ամրապնդման մասին, այլև կարևորագույն քայլ է մեր միջև առկա բարեկամությունն ու փոխըմբռնումը ամուր և փոխշահավետ գործընկերության հիմքերի վրա դնելու համար։ Համաձայնագրի ստորագրման պահից մենք անցնում ենք նոր փուլ, որտեղ կհամագործակցենք աջակցելով միմյանց զարգացման առաջընթացին, իրականացնելով համագործակցությանն ուղղված գործողություններ՝ առաջնահերթություն տալով մշակույթի, սոցիալական, երիտասարդության և առողջապահական ոլորտներին»։
Ըստ աղբյուրի՝ հնգօրյա պաշտոնական այցի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են Սենտ Էտիենի համայնքային կառավարման առաջատար փորձին և իրականացվող ծրագրերին։
Հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, ֆրանսահայ հեղինակներ Ժան Պիեռ Քոթչյանի, Անտուան Ագուջյանի, Սենտ Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ։
Այցելություններ են եղել Ժոֆրուա Գիշար մարզադաշտ, ԱՍՍԵ-ի, Արհեստի և արդյունաբերության թանգարաններ, քաղաքային կինոգրադարան և թվային մեդիա գրադարան, համալսարանական հիվանդանոցային կենտրոն և այլն։
«Տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ և արարողություններ․ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սենտ Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ դրել հուշակոթողին, ինչպես նաև մասնակցել Հայ Առաքելական եկեղեցու տեղի տաճարում մատուցված Սուրբ և Անմահ պատարագին։
Բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև աշխարհաքաղաքական համաժողով, որտեղ նրանք ներկայացրել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Կապանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով խոսել վերջին զարգացումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պատվիրակության հնգօրյա այցը ամփոփվել է 2025 թվականի համագործակցության շրջանակի քննարկմամբ, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առաջիկայում ծրագրեր իրականացնելու համար։