Մերձավոր Արևելք

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի գործողությունների ընդլայնումը Լիբանանում

2 րոպեի ընթերցում

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի գործողությունների ընդլայնումը Լիբանանում

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի կողմից Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել դադարեցնել մարտերը՝ նշելով, որ «ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում տեղի ունեցող մեծ էսկալացիան»։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս առիթով խնդրել է հունիսի 1-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել։

Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները միացել են Ֆրանսիային՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը կոչ է արել հարգել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ապրիլից ի վեր կնքված հրադադարը:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Կատարն իր հերթին դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակվող հարձակումները և հարավում ցամաքային հարձակման ընդլայնումը՝ այդ արշավը որակելով որպես լուրջ սրացում և միջազգային իրավունքի խախտում։

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ հեռախոսազրույցում հաստատել է Կահիրեի համերաշխությունը Լիբանանի հետ։ Նա նաև կոչ է արել Իսրայելին ամբողջովին դուրս բերել իր ուժերը Լիբանանի տարածքներից։

Ավելի վաղ իսրայելական ուժերը հսկողություն են հաստատել Լիբանանի 900-ամյա Բոֆորի (Կալաա աշ-Շակիֆ) ամրոցի վրա, որը կառուցվել է խաչակիրների կողմից։ Նեթանյահուն ամրոցի գրավումն անվանել է «դրամատիկ տեղաշարժ» «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարում:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորները Բոֆորը կպահպանեն որպես հարավային Լիբանանում Իսրայելի անվտանգության գոտու մաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում