Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Եզնիկ Կողբացի 42 հասցեում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացմանը ներկա էին ճարտարապետի հարազատները, ընկերները, բազմաթիվ ճարտարապետներ, վարպետի ուսանողներ, մտավորականներ։
Հուշաքարի հեղինակ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը իր մտահղացման մեջ վարպետորեն արտացոլել է Գուրգեն Մուշեղյանի էությունը՝ առանց ավելորդությունների մոնումենտալ խոսող քար և տառեր։ Մտահղացումն իրագործել է քարագործ-վարպետ Զավեն Փալիկյանը։
Ներկաները նշում էին, որ թեև այս տարի Գուրգեն Մուշեղյանը կդառնար 90 տարեկան, բայց բոլորի հիշողության մեջ կմնա միշտ երիտասարդի եռանդով և մտածելակերպով անձնավորություն։
Լինելով ծնունդով գյումրեցի, բայց կյանքի մեծ մասն ապրելով Երևանում՝ նա իր գործունեությամբ ծառայել է թե՛ իր մայրաքաղաքին, թե՛ «հայրաքաղաքին»։
Գուրգեն Մուշեղյանը հայ մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչներից էր. իր բոլոր կառույցներում արտացոլվում էր վարպետի միշտ երիտասարդ և ժամանակակից մտածելակերպը: Եղել է Լենինականի գլխավոր ճարտարապետը, երկու անգամ՝ Երևանի գլխավոր ճարտարապետը: Խոսուն են նրա հեղինակած և համահեղինակած կառույցները՝ «Հրազդան» մարզադաշտ, Մարզահամերգային համալիր, Գյումրու օդանավակայանի շենք, Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, Երևան քաղաքի նոր ճանապարհային հանգույցների նախագիծ և այլն։
Այս նախագծերի մեծ մասը իրականացվել է հենց այս տանը ապրելու տարիներին։