Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների ստորգետնյա զինապահեստներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների ստորգետնյա զինապահեստներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան ուժերը Եմենում հարվածներ են հասցրել հինգ ստորգետնյա զինապահեստների, որոնք պատկանում են «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«Այսօր (խմբ.՝ հոկտեմբերի 16-ին) ԱՄՆ-ի ուժերը, այդ թվում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել հութիների կողմից վերահսկվող Եմենում հինգ ամրացված ստորգետնյա զենքի պահեստների», - ասել է Պենտագոնի ղեկավարը: 

Օսթինի խոսքով՝ պահեստներում էին գտնվում տարածաշրջանում քաղաքացիական նավերի և ռազմանավերի վրա հարձակվելու համար հութիների կողմից օգտագործվող զենքերի տարբեր բաղադրամասեր։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի հարվածներն «ավելի կնվազեցնեն հութիների կարողությունները՝ շարունակելու ապակայունացնող գործողությունները, և կպաշտպանեն ամերիկյան ուժերին և անձնակազմին աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկում»։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ նույնպես նշվում է հարվածների մասին։ Գերատեսչությունը հավելում է, որ ըստ իրենց գնահատումների՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և տուժածներ չեն եղել։ 

2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները հարձակումներ են սկսել Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով անցնող նավերի վրա՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Ի պատասխան այս գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները ստեղծել են միջազգային կոալիցիա՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում