Բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագին կապում  է հայ և թուրքմեն ժողովուրդներին. ՀՀ նախագահ

5 րոպեի ընթերցում

ԱՇԽԱԲԱԴ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ թուրքմեն հայտնի բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագին և նրա ստեղծագործությունները կապում  են հայ և թուրքմեն ժողովուրդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը նման կարծիք է հայտնել «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

ՀՀ նախագահը նշել է, որ շատ ուրախ է ներկա գտնվել թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի անվան Միջազգային հարաբերությունների համալսարանում, ինչպես նաև մասնակցել բանաստեղծի 300-ամյակի առթիվ նրա երկերի հայերեն վերահրատարակության շնորհանդեսին:

Նախագահն իր խոսքում հայտնել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավերը Թուրքմենստանի նախագահի կողմից ստացել է դեռևս ապրիլին:

«Այդ օրվանից ես ևս սկսեցի հետաքրքրվել Մահթումկուլի Ֆրագիով և պարզվեց, որ նա բավականին հայտնի է Հայաստանում։ Հայտնի է այն իմաստով, որ Երևանի պետական համալսարանում անցկացվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված հենց բանաստեղծ Ֆրագիին», - ասել է Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ խոսքը ոչ թե պարզապես համալսարանական հանդիպման, այլ լիարժեք միջազգային գիտաժողովԻ մասին է, որին մասնակցում են ներկայացուցիչներ նաև Թուրքմենստանից։ 

ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ Մահթումկուլի Ֆրագին կապում  է հայ և թուրքմեն ժողովուրդներին. «Թեև, ես ձեզ ասեմ, որ պատմականորեն այդ կապի արմատներն ավելի խորն են և հասնում են 12-13-րդ դար: Դա հաստատվում է ոչ միայն խոսքերով, այլև պատմական փաստաթղթերով, որոնք մենք ունենք և որոնք այսօր գտնվում են Երևանի Մատենադարանում»: 

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ ընդունելության համար՝ այդ առումով վստահություն հայտնելով, որ բանաստեղծ Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին ներկա գտնվող երկրների ղեկավարները ևս կհամաձայնեն այդ հարցում։ 

ՀՀ նախագահը նշել է, որ միջոցառման ընթացքում ունեցած իր դասախոսության ժամանակ համալսարանականներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Սա կարևոր է ապագա դիվանագետների և մասնագետների համար, ովքեր կզբաղվեն այս հարցերով։ Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես է ապրում Հայաստանը, ինչով է այժմ զբաղվում, ինչ պատկերացումներ ունի ապագայի վերաբերյալ, և, իհարկե, ներկայացնել մեր նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը, որի մասին մենք արդեն մեկ անգամ չէ, որ խոսել ենք», - եզրափակել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի  Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Հայաստանի Հանրապետության նախագահն այցի շրջանակներում Աշխաբադում նաև հանդիպում և առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Աշխաբադում անցկացված համաժողովին, որը կրել է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագիրը, մասնակցել են նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Մոնղոլիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից:

ՀՀ նախագահը հոկտեմբերի 12-ին դասախոսությամբ է հանդես եկել Թուրքմենստանի ԱԳՆ միջազգային հարաբերությունների համալսարանում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ 

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ  Ղազախստանի նախագահի  Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

Դավիթ Մամյան

Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին