Քաղաքականություն

«Premio Gazzetta Diplomatica»-ի շրջանակում Իտալիայում ՀՀ դեսպանին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր» մրցանակ

3 րոպեի ընթերցում

«Premio Gazzetta Diplomatica»-ի շրջանակում Իտալիայում ՀՀ դեսպանին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր» մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Հանրապետության Սենատում տեղի է ունեցել «Premio Gazzetta Diplomatica»-ի տարեկան մրցանակաբաշխությունը, որի շրջանակում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր` որպես Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված դեսպան Իտալիայի հետ երկկողմ հարաբերություններում ունեցած կարևոր ներդրման համար, որի ընթացքում դրսևորել է դիվանագիտական, մասնագիտական և մարդկային բարձրագույն որակներ, ինչպես նաև հավասարակշռության արտակարգ ունակություն՝ շատ բարդ մի ժամանակահատվածում»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Իտալիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, շնորհակալությամբ ընդունելով իրեն շնորհված պարգևը, դեսպանն իր ելույթում հակիրճ ներկայացրել է Իտալիայում իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած աշխատանքը՝ ընդգծելով այդ տարիների բարդ աշխարհաքաղաքական համատեքստը աշխարհի, և հատկապես՝ Հայաստանի համար, որը համավարակից բացի ստիպված է եղել դիմակայել 2020թ. 44-օրյա պատերազմին և դրա աղետալի հետևանքներին։ 

Դեսպանն իր խոսքում խոսել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության մասին, ընդգծել, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի ոչ պատշաճ դատապարտումն ու քաղաքական ու տնտեսական նպատակներով երկակի ստանդարտների կիրառումը հանգեցրեց նորանոր պատերազմների և բռնությունների։

Դեսպանը հավաստիացրել է, որ Հայաստանն ինչպես միշտ հանձնառու է առաջ մղելու ժողովրդավարության, օրենքի գերակայության, խաղաղության ու երկխոսության օրակարգը, ինչի լավագույն վկայությունն է նաև նշյալ կարևոր պարգևը, որի նշանակությունը դուրս է գալիս անձնական արժանիքների շրջանակից։

Հայաստանի Հանրապետության և դեսպան Համբարձումյանի գործունեության վերաբերյալ հնչել են բազմաթիվ ջերմ ու քաջալերող խոսքեր «Gazzetta Diplomatica»-ի տնօրեն Մարկո Ֆինելլի, Սենատորներ Անդրեա Դի Պրիամոյի, Ռոմբերտո Մենիայի, Իվան Սկալֆարոտտոյի, դեսպան Բրունո Սկապինիի կողմից։

Մրցանակաբաշխությանը ելույթներով հանդես են եկել նաև Իտալիայի դեսպան Ստեֆանո Բենացցոն, Պատգամագորների պալատի պատգամավոր Ռոբերտո Տրավերսին, ինչպես նաև Իտալիայի ականավոր դեսպան Ջովանի Յանուցցիի (մրցանակը նվիրված է նրա հիշատակին) դուստր Ռենատա Յանուցցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում