ԳԱՎԱՌ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի գրադարանում տեղի է ունեցել Գոռ Ենոքյանի «Արդարության դարձերեսը» գրքի շնորհանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, գրքի շնորհանդեսին մասնակցել են համայնքապետարանի աշխատակիցներ, դդմաշենցիներ, ովքեր իրենց ելույթներում ներկայացրել են Գոռ Ենոքյան ստեղծագործողին ու անհատին։
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից պատվոգիր է հանձնվել Գոռ Ենոքյանին՝ Սևանի տարածաշրջանի կյանքում ունեցած նշանակալի ավանդի, քաղաքական-հասարակական, ստեղծագործական գործունեության և վաստակի համար:
Դդմաշենի և Սևանի գրադարաններին, ինչպես նաև ներկաներին Գոռ Ենոքյանը մակագրությամբ նվիրել է իր գրքերը:
«Գոռ Ենոքյանը ստեղծագործել սկսել է, երբ արդեն 50-ն անց էր և աշխատում էր արտակարգ իրավիճակների նախարարությունում: 15 տարվա ընթացքում ութ գիրք է գրել, որոնց տպագրությունը սկսել է 2019 թվականից: Առաջին գիրքը վերնագրված է «Հանդգնություն», որում զետեղված են ուրույն ակրոստիքոսներ:
Հաջորդ գիրքը տպագրվել է 2021 թվականին՝ «Սպիտակ մեխակի սև կոկոնը» վերնագրով, որում զետեղված է երկու վիպակ: Առաջինը «Չսպիացող հիշողություն» վիպակն է, որը գրել է դեռևս 1990-ականներին: Այն «առողջարանային սիրավեպի» տխուր մի տարբերակ է, որի կրակն առողջարանից հետո էլ շարունակում է բորբոքված մնալ ու գալիս է մեր օրերը և հուզում մարդկանց: «Սպիտակ մեխակի սև կոկոնը» վիպակն անհատի դրամա է, որը, սիրահարվելով հասուն տարիքում, տառապում է ուրիշի ցավով, փորձելով առանց խաթարելու իր ընտանեկան երջանկությունը, պահպանել նաև իր նոր սերը:
Գոռ Ենոքյանը ընթերցողի դատին է ներկայացնում իր նոր գիրքը՝ «Արդարության «դարձերեսը»: Գրքում տեղ է գտել չորս վիպակ, որոնց հերոսները կրկին իրական մարդիկ են: «Երկնային սերը» հուզիչ մի պատմություն է հոգեբուժարանում գտնվող երիտասարդի մասին: Վիպակի իրադարձությունների նկատմամբ ընթերցողը չի կարող անտարբեր անցնել, իսկ «Շանոյի վերջին մարտը» իրական պատում է Արցախյան քառօրյա պատերազմից: Ընթերցողին խորհելու տեղիք կտան նաև «Վաղոն» և «Շունը» վիպակները: Գոռ Ենոքյանը իր գրքում նոր մոտեցմամբ է ներկայացրել իր արձակը: Շարադրանքը այնպես է կառուցել, որ ընթերցողն ուզի թե չուզի՝ իրեն էլ է տեսնում այդ հերոսների շարքում, ոմանց էլ կարող է թվալ, որ նկարագրվող իրադարձությունները կատարվում են իրենց բակում ու տեսադաշտում:
Ինչո՞ւ «Արդարության դարձերեսը»: «Որովհետև գրքի հերոսները անարդարության զոհեր են: Արդարությունը դարձերես չունի, նա մի երես ունի՝ դա արդարությունն է, որից դուրս դադարում է արդարություն լինելուց: Եթե արդարություն լիներ, դժվար թե գրվեին այս պատմությունները, ամեն ինչ կլիներ սովորական և այսօր ընթերցողի սեղանին չէր լինի այս գիրքը: Գոռ Ենոքյանը չի ուզում փակագծեր բացել, սակայն հավատացնում է, որ գրքի բոլոր պատմությունները կհուզեն ընթերցողին ու խորհելու տեղիք կտան»,-ներկայացրել է Դդմաշենի գրադարանի տնօրեն Ֆլորա Գրիգորյանը:
Գոռ Ենոքյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և իրավաբանական ֆակուլտետները, վերապատրաստվել Կահիրեի ոստիկանական ակադեմիայում: Աշխատանքային կենսագրությունը սկսել է Լճաշենի միջնակարգ դպրոցից՝ որպես պատմության ուսուցիչ: Երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել կուսակցության և կոմերիտմիության Սևանի շրջկոմներում, հանրապետության ՆԳ, արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարություններում: Գնդապետ է: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատագրական մարտերին: Հրատարակության է պատրաստում նոր գրքեր։
Խոսրով Խլղաթյան