Իրան

Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ցանկացած սցենարի. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ցանկացած սցենարի. Արաղչի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման ցանկացած սցենարի, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին տված հարցազրույցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Mehr գործակալությունից։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, չնայած մենք չենք ցանկանում պատերազմ կամ լարվածության սրում, - ասել է Արաղչին: - Իսրայելցիները կարող են ստուգել մեր կամքը»:

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Իսրայելը ձգտում է ընդլայնել տարածաշրջանում հակամարտության աշխարհագրությունը և փորձում է Թեհրանին ներքաշել բաց առճակատման մեջ։ 

«Նախ մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի (Իսրայելի) հարձակումը, և դրա հիման վրա մենք կորոշենք մեր պատասխանի բնույթը», - ասել է Արաղչին։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը նաև հայտարարել է, որ Իսրայելը չի հասել Գազայում պատերազմի իր նպատակին, այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, և նույն իրադրությանը կբախվի նաև Լիբանանում։ 

Արաղչին նաև բարձր է գնահատել տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Կատարի դերը՝ նշելով, որ Իրանն այս երկրների հետ խորհրդակցություններ է անցկացնում պատերազմի դադարեցման շուրջ։

Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի վարչապետի և արտգործնախարարի հետ։ Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Իրանի արտգործնախարարը նաև մեկնել է Էր Ռիադ, որտեղ հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի և գահաժառանգ արքայազնի հետ։ Մինչ այդ Արաղչին եղել էր Լիբանանում և Սիրիայում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում