Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը շատ կտրուկ, արագ և տեսանելի է. մասնագետի վերլուծությունը

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրները չեն շրջանցել Հայաստանը: Մասնագետի գնահատմամբ՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որոնցում կլիմայի փոփոխության ազդեցությունը շատ կտրուկ, արագ և տեսանելի է արտահայտված:

Որո՞նք են Հայաստանում առկա առավել հրատապ բնապահպանական խնդիրները, քանի՞  բուսատեսակ է մոտ անհետացած համարվելուն, նոր տեսակի ի՞ նչ բույսեր են հայտնաբերվել, ի՞նչ է սպառնում նրա անտառներին, ի՞նչ վտանգ է ներկայացնում օտարածին բույսերի բազմացումը, ի՞նչ նպատակի կարող են ծառայել սակուրաները Երևանում: Այս և այլ կարևոր հարցերի մասին է «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, միջազգային կապերի և համագործակցության համակարգող, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ ստեղծված Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանի հետ: 

- Ձեր գնահատմամբ՝  ներկայումս ինչպիսի՞ վիճակում են Հայաստանի էկոհամակարգերը:

- Հայաստանը զերծ չի մնացել համաշխարհային մարտահրավերներից՝ անապատացումից, կլիմայի փոփոխությունից (դրանք փոխկապակցված գործոններ են), ինվազիվ բուսատեսակների (օտար տեսակներ, որոնք, հայտնվելով նոր տարածքում, ակտիվորեն բազմանում են և դուրս մղում տեղական տեսակները) ազդեցությունից և, իհարկե, մարդու գործունեության բացասական հետևանքներից: Ուրախալի է, որ այսօր կան էկոհամակարգի բազմակողմանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական ուղղություններ, նաև արդեն պետական մակարդակով ուշադրություն է դարձվում դրանց մշտադիտարկմանն ու պահպանությանը: Դրա վկայությունն են Հայաստանում ներկայում իրականացվող ազգային և միջազգային ծրագրերը, որոնց մի մասը կյանքի է կոչվում կառավարության նախաձեռնությամբ, մյուսներն էլ զուտ գիտական ուսումնասիրություններ են:

- Ներկայիս կլիմայական խնդիրներից որո՞նք են առավել հրատապ Հայաստանում:

- Անապատացումը կլիմայի փոփոխության արդյունք է, որի հետևանքով ունենում ենք տարբեր էկոհամակարգերի կորուստ: Տեղի է ունենում չորացում, որի պատճառով խոնավասեր որոշ բուսատեսակներ՝ հատկապես հազվագյուտներն, ունենում են գոյատևման և աճի համար հարմարավետ նոր միջավայր գտնելու խնդիր: Հայտնի է, որ հազվագյուտ տեսակներն ունեն հարմարվողականության շատ նեղ ամպլիտուդա և այդ առումով անապատացումը նրանց համար սպառնալիք է: Միաժամանակ, անապատացումը հանգեցնում է հողի բերրիության նվազմանը, որը նույնպես մեծ խնդիր է: Ավելանում է նաև սողանքների, այլ խնդիրների քանակը, որոնք ևս հանգեցնում են էկոհամակարգերի դեգրադացիային և արդյունքում դրանց մի մասը փոխվում է, մյուսներն էլ ընդհանրապես վերանում են:

- Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչպես են փոխվել Հայաստանի էկոհամակարգերը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

- Էկոհամակարգերի կամ բուսականության պարագայում դժվար է գնահատել փոփոխությունները՝ հիմնվելով նման կարճ ժամանակահատվածի տվյալներին: Կարծում եմ, որ այսօր գործադրվող ջանքերն առնվազն 1-2 տասնամյակ անց պետք է դրական արդյունք ապահովեն: Այդ առումով շատ կարևոր է հասարակության իրազեկվածության բարձրացումը: 

- Նշված խնդիրների հետևանքով Հայաստանում կա՞ն անհետացած բուսատեսակներ:

- Գիտական մոտեցման համաձայն՝ բուսատեսակն անհետացած է համարվում, եթե չի հայտնաբերվում առնվազն 100 տարի: Հայաստանում չկան նման բուսատեսակներ, բայց կան բույսեր, որոնք արդեն 60-70 տարի չեն նկատվել կամ չեն հայտնաբերվել այն վայրերում, որտեղ նրանց առկայությունն արձանագրվել է վերջին անգամ: Նման բուսատեսակներից մի քանիսը ջրաճահճային են. հայտնի են եղել, օրինակ, Լոռու մարզում: Վերջին տարիներին պարբերաբար փորձում ենք այդ տեսակները գտնել նախկինում նշված վայրերում, սակայն մեր ջանքերն առայժմ ապարդյուն են: Դա դեռ չի նշանակում, որ այդ բուսատեսակներն անհետացած են: Գուցե, մի օր դրանք հայտնաբերվեն բոլորովին այլ մարզում և այլ էկոհամակարգում: Այդ առումով դեռ չենք կարող խոսել Հայաստանում անհետացած բուսատեսակների առկայության մասին:

- Կարո՞ղ եք նշել բուսատեսակներ, որոնք մի քանի տասնամյակ չնշմարվելուց հետո վերջերս նկատվել են որևէ վայրում:

- Նման ուսումնասիրություններով հիմնականում զբաղվում են կարգաբանները, որոնք ավելի շատ կենտրոնանում են բույսերի տարածվածության ուսումնասիրությանը: Իմ նեղ ուղղվածությունն ավելի շատ վերաբերում է կենսաբազմազանության և վայրի բնության պահպանության ընդհանուր մոտեցումներին: Այնպես որ, նման բուսատեսակների քանակը չեմ կարող նշել, սակայն այդպիսիք կան: Առավել կարևոր է, որ ամեն տարի Հայաստանում նկարագրվում են նոր բուսատեսակներ, որոնք նոր են մեր երկրի կամ տարածաշրջանի և ընդհանրապես գիտության համար:

- Զարմանալի է, որ մեր օրերում դեռևս հայտնաբերվում են նոր բուսատեսակներ: Հայաստանում քանի՞ տեսակի բույս է հայտնաբերվել վերջին շրջանում և ո՞րն է դրանցից ամենավերջինը: 

- Վերջին տասնամյակում նկարագրվել են շուրջ 50 տեսակի նոր բուսատեսակներ: Ամենավերջինը, որը կարողանում եմ մտաբերել, վայրի տանձենու ենթատեսակ է, որը նաև էնդեմիկ է Հայաստանի համար: Այն հայտնաբերվել է Վայոց ձորի մարզում, որը մեր երկրում համարվում է վայրի տանձենիների բնօրրանը:

- Հայաստանում ի՞նչ աստիճանի է արտահայտված ջերմոցային էֆեկտը:

- Այն մեր երկրում արտահայտված չէ այնքան ուժեղ, որքան արդյունաբերական հզոր համալիր ունեցող երկրներում, որոնք այդ էֆեկտի ազդեցությունը չեզոքացնելու համար ստիպված են վարկեր ներգրավել կարբոնային շուկայից: Իսկ Հայաստանի կարգի երկրները, որոնք չեն կուտակում բացասական միավորներ, այլ հակառակը՝ ունեն դրական միավորներ, կարող են դրանք վաճառել բացասական ցուցանիշ ունեցող երկրներին, որպեսզի գլոբալ մակարդակում հավասարակշռություն ձևավորվի:

Ինչ վերաբերում է ընդհանրապես կլիմայի փոփոխությանը, ապա Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ դրա ազդեցությունը շատ կտրուկ, արագ և տեսանելի է: Դրա վառ վկայությունը եղանակի փոփոխությունն է: Նկատելի է նաև, թե, օրինակ, բարձր լեռնային գոտիներում ինչպես է տեղի ունենում բուսատեսակների՝ ուղղաձիգ գոտիականությամբ տեղաշարժը դեպի վերև: Այն վայրերը, որոնցում որոշ բուսատեսակներ նախկինում չէին աճում ավելի սառը եղանակի պատճառով, այժմ պիտանի են դարձել նրանց գոյության համար, ինչը վկայում է այն մասին, որ կլիման էապես փոխվել է:

- Հայաստանում որքանո՞վ է կրճատվել անտառների մակերեսը: Մեր երկրում անտառները վտանգվա՞ծ են:

- Հաստատ վտանգված են: Չափազանց լավատեսական կարծիք կլինի, եթե ասենք, որ ապօրինի անտառահատումներ տեղի չեն ունենում: Վտանգը կա, բայց նաև այսօր լուրջ ջանքեր են գործադրվում անտառները վերականգնելու ուղղությամբ: Նոր անտառներ են ստեղծվում անգամ այն վայրերում, որոնք երբևէ անտառապատ չեն եղել: Դա արվում է այն նպատակով, որ կարողանանք դիմակայել գլոբալ մարտահրավերներին:

- Ի՞նչ պատկեր է Հայաստանի կենդանական աշխարհում:

- Կարծում եմ՝ այդ առումով բուսական և կենդանական աշխարհում տիրող վիճակը էապես չի տարբերվում: Մասնագիտացած լինելով ֆլորայի խնդիրների ոլորտում՝ չեմ կարող լիարժեք տեսակետ հայտնել ֆաունայի վերաբերյալ: Հայտնի է, որ Հայաստանում ջանքեր են գործադրվում նաև կենդանական աշխարհի պահպանման և բազմազանության վերականգնման ուղղությամբ: Գիտեք, որ ավելի հաճախ է նկատվում հովազը, նաև Դիլիջանի ազգային պարկում նորից բազմացնում են ազնվացեղ եղջերուների: Այսինքն, բոլոր ուղղություններով աշխատանքներ կատարվում են, բայց դրանք դեռ շատ փոքր ծավալի են: Մասշտաբային ազդեցություն ապահովելու համար դեռ շատ աշխատանք է պահանջվում:

- Վերջին տարիներին Հայաստանում շատերն են զբաղվում բուսաբուծությամբ՝ աճեցնելով նաև էկզոտիկ բուսատեսակներ, որոնք երբեք բնորոշ չեն եղել Հայաստանի գոնե այս հատվածին: Այդ բույսերն աճեցվում են նաև այգիներում: Դա առաջացնո՞ւմ է ռիսկեր: 

- Շատ կարևոր և հրատապ հարց է: Օտարածին բույսերի ներմուծումը շատ մեծ խնդիր չի լինի համապատասխան վերահսկողության դեպքում: Այլ խնդիր է, թե որքանով ենք տեղեկացված հեռավոր երկրներից բերված բուսատեսակների մասին: Կան բուսատեսակներ, որոնք աճեցնելով մեր բակերում կամ այգիներում՝ չենք մտածում, որ Հայաստանի պայմաններում դրանք կարող են ագրեսիվ վարքագիծ դրսևորել ու արագորեն տարածվել հարևանի հողատարածքում, այնուհետև ստանալ ավելի մեծ ընդգրկում և տարածվել վայրի բնությունում: Այդպիսով, այն աստիճանաբար վերածվում է ինվազիվ տեսակի՝ խախտելով բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը, կազմը, կառուցվածքը ու զբաղեցնելով էկոլոգիական այն խորշը, որը նախատեսված է մեր էնդեմիկ, հազվագյուտ բուսատեսակների համար, որոնք նաև հաճախ չեն կարողանում գոյության պայքար մղել ներմուծված «արտասահմանցիների» հետ: 

- Կա՞ն հստակ տեղեկություններ, թե վերջին հարյուրամյակներին կամ հազարամյակում որքանով է փոխվել Հայաստանի բուսական աշխարհը:

- Անշուշտ, փոխվել է: Գուցե, Հայաստանում շատ ավելի քիչ, քան այլ երկրներում: Նույն Գերմանիան այսօր գրեթե չունի բնական որևէ էկոհամակարգ, ինչի բացասական հետևանքներն արդեն ցայտուն են: Մարդկության տեխնոլոգիական զարգացման բուռն շրջանում պարզապես անհնար է ամբողջությամբ անաղարտ պահել բնությունը, բայց նաև հասել ենք մի փուլի, երբ մարդիկ հետզհետե գնահատում են բնության արժեքը և փորձում են ներդաշնակ հարաբերվել բնության հետ: Հակառակ պարագայում մարդկությունը իսկապես կարող է բախվել համամոլորակային աղետի:

- Շատ է խոսվում և քննարկվում Երևանի փողոցներում նոր տեսակի ծառերի և բույսերի ներդրման մասին: Ի՞նչ եք կարծում, նույն սակուրան քաղաքայի՞ն բուսատեսակ է, ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն օդը մաքրելու առումով և, ընդհանրապես, որքանո՞վ է նպատակահարմար մեր մայրաքաղաքում նոր տեսակի ծառեր աճեցնելը: 

- Չեմ ուսումնասիրել այդ խնդիրը, բայց որպես բուսաբան ուզում եմ հավատալ, որ այն մարդիկ, ովքեր նպատակահարմար են համարում Երևանի կանաչապատման համար ծառերի նոր տեսակների օգտագործումը՝ կատարել են համապատասխան ուսումնասիրություն և հստակ հիմնավորում ունեն: Սակուրաները՝ որպես օտարածին տեսակ, գոնե այս պահին որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի բուսական աշխարհի համար, որովհետև դրանք հիբրիդային տեսակներ են: Այդքան կենսունակ չեն, որ մտածենք դրանց տարածվելու մասին: Իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ եթե ծառը մեծ սաղարթ է ձևավորում, ապա ինքնաբերաբար կարողանում է ապահովել ավելի մեծ ծավալի թթվածին: Սակուրաները, կարծես, մի քիչ փոքր են այդ խնդիրը լուծելու համար, սակայն գեղազարդ են: Այլ հարց է, թե որն է դրանք Երևանում աճեցնելու նպատակը՝ գեղեցկություն ապահովե՞լը, թե՞ օդը մաքրելը:

- Հրատապ է նաև Հայաստանի բնության վրա հանքարդյունաբերության ազդեցության խնդիրը: Ըստ ձեզ, որքանո՞վ է նշանակալի այն:

- Շատ մեծ է: Պատահական չէ, որ կառավարության մակարդակով մշակվում են տարբեր մեխանիզմեր՝ այդ ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար: Լինելով բնապահպան՝ քաջ գիտակցում եմ, որ որևէ երկրում, առավել ևս Հայաստանում, անհնար է տնտեսությունը զարգացնել առանց բնության վրա ազդելու: Սակայն մարդու գործունեության և բնության պահպանության միջև պետք է որոշակի հավասարակշռություն ձևավորվի: Այս հարցում կարևոր է բոլոր կողմերի գիտակից մոտեցումը:

- Էկոլոգիական առումով ինչպիսի՞ հեռանկար է նշմարվում Հայաստանում:

- Ամեն ինչ կախված է մեզնից՝ Հայաստանի բնակիչներից: Այս պահին հարաբերական կայունության վիճակում ենք, բայց, եթե սխալ ուղով ընթանանք՝ հետևանքները վատը կլինեն: Հատկապես, որ Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն և այստեղ հավասարակշռությունը խախտելն ավելի հեշտ է, քան այն երկրներում, որտեղ գրեթե ոչինչ չկա: 

Հրայր Նազարյան               

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում