Իրան

Իրանը կաջակցի դիմադրության ուժերին մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը. Փեզեշքիան

2 րոպեի ընթերցում

Իրանը կաջակցի դիմադրության ուժերին մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը. Փեզեշքիան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կաջակցի պաղեստինցիներին և դիմադրության ուժերին մինչև իսրայելական օկուպացիայից վերջնական ազատագրումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Կատարում հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ասիական համագործակցության երկխոսության մասնակիցների երրորդ գագաթնաժողովում։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինյան դիմադրությանը մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը: Մենք դա համարում ենք մեր պարտականությունը պաղեստինյան հարցում և հաստատակամ ենք այս դիրքորոշման հարցում», - ասել է նա:

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։   

Մինչև Իրանի հարձակումն Իսրայելը սեպտեմբերի 23-ից սկսել էր ավիահարվածներ հասցնել Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Սեպտեմբերի 27-ին Բեյրութում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել էր «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը։ Հոկտեմբերի 3-ին Թեհրանում և Իրանի տարբեր քաղաքներում իրանցիները մասնակցել են նրա հիշատակի արարողությանը։ Իրանցիները հարգանքի տուրք են մատուցել ոչ միայն Նասրալլահին, այլև դիմադրության շարժման մյուս զոհված մարտիկներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում