Քաղաքականություն

Հայաստանը երբեք չի համաձայնել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը երբեք չի համաձայնել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բեռների փոխադրման ժամկետների կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև այլընտրանքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների որոնման տեսանկյունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա: Նախագծի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը ՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ այն պնդումներին, թե, իբր Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում։ Փաշինյանն ընդգծեց, որ այդ պնդումները պարզապես իրականության խեղաթյուրում են։  

«Մեկնաբանություններ կան այն մասին, որ Հայաստանը ինչ-որ տեղ, երբևիցե, ինչ-որ կերպ համաձայնել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ իր ինքնիշխանության որևէ սահմանափակման։ Երբեք նման բան չի եղել, և դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի հանձնառությունն է երաշխավորել բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունն իր տարածքում, և մենք դա երաշխավորում ենք»,-եզրափակեց Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում