Քաղաքականություն

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

«Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած քննարկումներում և ծավալված համագործակցության մեջ։ Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին նախանշել են այն կոնկրետ ոլորտները, որտեղ կա համագործակցության հետագա զարգացման ներուժ և պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով նպաստել դրա առավելագույն իրացմանը»,-հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերին։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ։ 

«Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, քաղաքացիական բնակչության չթիրախավորման, «երկու պետություն» սկզբունքով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»,-նշված  է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում։

 

 

  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում