ԱԺ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում նոր չորս կարգավորում ավելացնելու առաջարկը
10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ դրական եզրակացության արժանացրեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է նոր 4 կարգավորում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն առաջին ընթերցմամբ հավանության արժանացավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ի նիստում։
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հիմնական զեկուցող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Ցանկանում եմ ձեզ ներկայացնել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, որոնք գալիս են լուծելու 1 հիմնական խնդիր. այն է՝ սահմանել նոր գործառույթներ ռազմարդյունաբերական կոմիտեի համար՝ իրավական և օրենսդրական դաշտում, որովհետև մի շարք ուղղություններով մենք դեռևս նախորդ տարվանից կոմիտեի համար ունեցել ենք ծրագրային բյուջետավորման ապահովում, սակայն, որպես այդպիսին, գործիքակազմ չենք ունեցել, որպեսզի դրանք կոմիտեի կողմից կիրառվեն։ Օրենքն ընդունվելու պարագայում մենք կոմիտեին կարող ենք հնարավորություն տալ մշակել և ընդունել 4 հիմնական կարգեր»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ այդ կարգերից առաջինը վերաբերում է փորձանմուշների ֆինանսավորմանը։
ԲՏԱ նախարարը ներկայացրեց դրա կարգերը՝ նշելով, որ առաջին կարգով 2024 թվականից նախատեսված 1,5 միլիարդի բյուջեն, որը նախատեսված է եղել փորձանմուշների ֆինանսավորմանը, դրա համար օրենսդրական դաշտ է ապահովվում, որպեսզի հնարավոր լինի սկսել համապատասխան ուղղություններով ֆինանսավորումը։
«Ի՞նչի մասին է այդ 1,5 միլիարդի բյուջեն. գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքում ստացված պրոտոտիպերը երբեմն պետական փորձարկման համար բավարար չեն լինում, որպեսզի Պաշտպանության նախարարությունը կամ գնորդը բավարար համարի պետական փորձարկումն անցկացնելու համար։ Այսինքն՝ մասնավոր ընկերությունները, որոնք սեփական միջոցներով արել են հիմնարար հետազոտությունը և այն տարել են դեպի պրոտոտիպի ստացում, ՊՆ-ն առանձին զինատեսակների պարագայում կարող է հստակ պայման ու պահանջ դնել, որ փորձարկումն անցկացնելու և այն բավարարելու համար անհրաժեշտ է ոչ թե իքս, այլ 10 իքս քանակությամբ պրոտոտիպերի ապահովում»,-նշեց ԲՏԱ նախարարը՝ հավելելով, որ այդ դեպքում մասնավոր ընկերությունները բախվում են լրջագույն ֆինանսական խնդիրների, որովհետև դրա համար անհրաժեշտ են լինում մեծ ֆինանսական միջոցներ։
Նախարարի խոսքով՝ այդ պարագայում չկա որևէ երաշխիք, որ տվյալ պրոտոտիպը կգնա սերիական արտադրության, և դրա համար կլինի պետական պատվեր։ Նախարարը արդար համարեց Պաշտպանության նախարարության կողմից առանձին զինատեսակների պետական փորձարկման մասին պահանջը, քանի որ ՊՆ-ն չի կարող կատարել նոր տեխնոլոգիաների գնում։
«Կարող են լինել զինատեսակներ, որոնք փորձարկելու համար 2 ամիս է պետք. դրանք վերաբերում ենք, օրինակ՝ այս կամ այլ եղանակային պայմաններում փորձարկելուն, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է որոշակի երկարաժամկետ կտրվածքով այն փորձարկել, և բնական է, որ մասնավոր հատվածն ունակ չէ նման ծախսերի գնալ՝ առանց այդ էլ մասնավոր ընկերությունը սեփական միջոցներով արդեն արել է համապատասխան հետազոտությունը և ստացել է մեկ պրոտոտիպ»,-ընդգծեց Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի դիտարկմամբ՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի 1,5 միլիարդ բյուջեի օրենսդրական դաշտը հարմարեցված չի եղել, որպեսզի նախարարությունը կարողանա թիրախային ֆինանսավորում կատարել: «Հետևաբար, ես առաջարկում եմ, որ դուք մեզ տաք հնարավորություն արդեն ենթաօրենսդրական ակտերով՝ համապատասխան կարգերի ներդրմամբ ամբողջ այդ դիմումները և ֆինանսավորման կարգերը հաստատել և շարժվել առաջ։ Այսինքն՝ մենք ակնկալում ենք, որ արդեն եկող տարվանից, իսկ բյուջեի քննարկման ժամանակ մենք առաջարկելու ենք կրկին պահպանել այդ 1,5 միլիարդանոց բյուջեն, արդեն մեզ ոչինչ չի խանգարի, որ մենք հստակ խաղի կանոններով շարժվենք առաջ և այդ փորձանմուշների մասով ֆինանսավորում կատարենք մասնավոր ընկերություններին»,-նշեց Նախարարը։
ԲՏԱ նախարարի փոխանցմամբ՝ վերոնշյալ 4 կարգերից երկրորդը վերաբերում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներին, որով նախատեսված է եղել 4,1 միլիարդանոց բյուջե, որն առաջարկվելու է պահպանել նաև հաջորդ տարվա համար։
«Ռազմարդյունաբերության զարգացման հայեցակարգի տեսանկյունից սա մեզ համար առաջին կարևորագույն աշխատանքն է, որովհետև մենք ցանկանում ենք մեր քաղաքականություններով զինված ուժերում ապահովել տեխնոլոգիական առաջընթաց, իսկ դրա համար առանցքային նշանակություն ունեն նորարարությունները և տեխնոլոգիական նոր լուծումները, նոր գործիքակազմերը, որոնք գալիս են՝ առաջարկվելու զինված ուժերին։ Այստեղ կարևորվում են հենց գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար թիրախային ֆինանսավորումները, որոնք լուծում են խնդիրներ մի շարք ընկերությունների համար և խրախուսում են նրանց՝ գնալու հիմնարար հետազոտությունների, և եթե դրանք հաջողում են, ապա գնալու նաև սերիական արտադրության»,-նշեց հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ նման աշխատանքներ կատարվում են արդեն տարիներ շարունակ, սակայն հիմա ԲՏԱ նախարարությունն առաջարկում է սահմանել հստակ խաղի կանոններ, որպեսզի այդ գործընթացներն ազատվեն արդեն հնացած մեթոդներից և լուծեն մի շարք այլ խնդիրներ, որոնք առաջանում են ներկայում։
Նախարարը նշեց, որ օրենքի նախագծով սահմանվում են կոնկրետ ժամկետներ յուրաքանչյուր պետական այն հաստատությունների համար, որոնք այդ գործընթացում ունեն ներգրավվածություն՝ հիմնականում ուժային կառույցները, սահմանվում են կոնկրետ ժամկետներ, որովհետև շատ հաճախ այս ժամկետների չպահպանումը բերում է արտադրողների համար բացասական հետևանքների։
Անդրադառնալով նախագծի փոփոխության երրորդ ուղղությանը՝ Մխիթար Հայրապետյանը մանրամասնեց, որ դա վերաբերում է ռազմական նշանակության ապրանքներին, բաղադրիչներին, փորձանմուշներին, որոնք անհրաժեշտ են փորձարկումների համար. «Սրանով մենք գալիս ենք կարգավորելու ամբողջական, պետական փորձարկումների դաշտը։ Այսօր էլ այդ փորձարկումներն անցկացվում են, սակայն կրկին հնեցված ռազմական ստանդարտներով, և մենք մտադիր ենք շատ հստակ կանոնակարգված նոր կարգեր առաջարկել, որոնցով ևս լուծվում են մի շարք այլ բյուրոկրատական խնդիրներ»։
Նրա գնահատմամբ՝ այդ հնեցված ստանդարտների պատճառով Պաշտպանության նախարարությունն, ըստ էության, չունի համապատասխան կարգավորումներ, և անգամ մեկ փամփուշտ տրամադրելու համար անհրաժեշտ է լինում ստանալ Կառավարության որոշում։ Նրա բնորոշմամբ՝ նոր փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի այդ բյուրոկրատական խնդիրներից ազատվել, խնայել ժամանակ, և օրերի ընթացքում ԲՏԱ և Պաշտպանության նախարարությունները կկարողանան լուծել այդ հարցերը։
Վերջին՝ 4-րդ կարգը վերաբերում է այս կամ այն իրավիճակներում հատկապես որոշակի արտակարգ իրավիճակներում՝ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված, մասնավոր ընկերությունները ռազմական արտադրության համար նախատեսված տարատեսակ բաղադրիչների, հումքի և այլնի ձեռքբերման դժվարություններին։
«Անտեղ, որտեղ անհրաժեշտություն կլինի Կոմիտեի կողմից համապատասխան մեխանիզմներով դրանք ձեռք բերել և պահեստավորել, այս կարգավորման միջոցով մենք նաև հստակ սահմանելու ենք, թե ինչպե՞ս է կատարվելու այդ պահեստավորումը»,-ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հասկանալ պահեստավորման մեթոդները և ձևը, թե ինչպես է պետք մատակարարել այդ ընկերություններին։
ԲՏԱ նախարարի խոսքով՝ ներկայացված այս 4 գործիքակազմերն են, որ նախարարությունը խնդրում է տրամադրել իրեն. «Մտադիր ենք այդ 4 կարգերը ներկայացնել Կառավարությանը, որոնց 70 տոկոս աշխատանքներն արդեն ավարտված են»։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու և դրական եզրակացության դեպքում լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։