Հայաստան

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

2 րոպեի ընթերցում

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից ջրի նմուշառում են իրականացրել։

«Լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից բարձր է եղել։ Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել, կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները տեղեկացվել և զգուշացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրապահովման կարիքներն ապահովելու նպատակով։ Մինչև ջրի որակի վերականգնումը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից՝ ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային նպատակներով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության  մեջ։

Գերատեսչությունից հայտնում են, որ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ Միաժամանակ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մասնագետները բնակիչների շրջանում համայցեր կիրականացնեն։

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն՝ մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միաժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի աղտոտման պատճառը պարզելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում