ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ բալետի առաջատար արտիստներ Րաֆֆի Գալստյանը և Նարե Մարկոսյանը ելույթ են ունեցել Մոլդովայում կայացած Մարիա Բիեսուի անվան օպերայի և բալետի 32-րդ միջազգային փառատոնին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 8-ին Քիշնևում։ Մասնակցել են հայտնի արտիստներ 14 երկրից՝ Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Իտալիա, Ուկրաինա, Ավստրիա, Իսպանիա, Վենեսուելա, Հայաստան։
Սեպտեմբերի 26-ին հանդիսատեսին սպասվող անակնկալներից մեկը «Սպարտակ» բալետային ներկայացումն էր. Սպարտակի և Ֆրիգիայի դերապարերը վստահվել էին հայ արտիստներին։ «Նարեի և Րաֆֆի փայլուն ելույթը տպավորել էր թե՛ հանդիսատեսին, թե՛ արտիստական կազմին, ինչը վկայում է առաջիկայում հաջող համագործակցությունների շարունակական լինելու մասին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
Մարիա Բիեսուի անվան օպերայի և բալետի միջազգային փառատոնը մշակութային օրացույցի նշանակալի իրադարձություններից մեկն է սկսած 1990 թվականից։