Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով գտնվում է 670 հազար մարդ, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:.
«Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին՝ իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, եզրափակել է Գորովոյը։
Ավելի վաղ ՌԴ կրթության նախարարությունն առաջարկել էր փաստաթղթերի նոր ցանկ՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաներին ռուսական դպրոցներ ընդունելուն առնչվող։ Փաստաթղթի համաձայն ՝ այժմ ուսումնական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ է հաստատել Ռուսաստանում ոչ միայն երեխայի, այլև նրա օրինական ներկայացուցիչների բնակության իրավունքը։