Մշակույթ

«Ֆաջր» թատերական փառատոնում «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

5 րոպեի ընթերցում

«Ֆաջր» թատերական փառատոնում «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Վանաձորի դրամատիկական թատրոնը հունվարի 26-ից 31-ը «Ֆաջր» թատերական փառատոնին ներկայացել է Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությամբ. ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Սանգելաջ» թատերական սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 3 անգամ, որից մեկը` ժյուրիի համար։ 

Ներկայացումը ենթարկվել է ընդամենը մասնակի փոփոխությունների` կերպարների հագուստների որոշ դետալներ պետք է համահունչ լինեին իրանական մշակույթին և միմյանց ձեռք բռնելու, հպվելու անթույլատրելիությունը։ Փառատոնին ներկա են գտնվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, դեսպանատան աշխատակիցներ, Հայ մարզամշակութային «Նաիրի» միության վարչության նախագահ Սերոժ Օհանյանը, նրա տիկին Կլարա Աղախանյանը, թատերագետներ Խոսրով Խոջավյանն ու Նավիդ Սաֆարյանը։ 

Նրանք կիսվել են իրենց էմոցիոնալ տպավորություններով, մասնավորապես նշելով, որ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը պե՛տք էր «Ֆաջր» փառատոնի խաղացանկին, քանի որ այն իր գեղագիտությամբ առանձնանում է մնացած ներկայացումներից։ Հյուրերը տպավորված են եղել ներկայացման դերասանական կազմի տաղանդով։ Նրանց ուշադրությունը գրավել էր ներկայացման բարձրակարգ ռեժիսուրան ( ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան) և երաժշտական ձևավորումը (Սեդրակ Զարգարյան)։ Աբելյանցիները հյուրընկալվել են Թեհրանի Դրամատիկ արվեստի կենտրոնում, որտեղ կենտրոնի նախագահ Աթաբեկ Նադարին, կարևորելով երկու երկրների մշակութային երկխոսությունը, իր շնորհակալությունն է հայտնել և պատվոգրեր ու նվերներ հանձնել խմբի անդամներից յուրաքանչյուրին։ 

Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը շեշտել է, որ այս ներկայացումը, որտեղ պատկերված է մեկ մարդու, մեկ գերդաստանի, մեկ ազգի ցեղասպանված անցյալ, այսօր համամարդկային արժեք ունի, որովհետև ժամանակակից աշխարհում փոթորկված փոխհարաբերությունների մեջ քիչ չեն ազգերի ու առանձին մարդկանց կործանվող ճակատագրերը։ 

Աբելյանցիները փառատոնին նվիրել են Հովհաննես Աբելյանի 150֊ամյա հոբելյանական հուշամեդալը, թատրոնի տարեգրությունը ամբողջացնող պատկերագիրք, շնորհակալանքի ուղերձ, հայկական կարպետի փոքրիկ մի նմուշ և հայոց մանրանկար այբուբենը (Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքներից)։ 

Թատրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր ներկաներին, «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, Իրանի «Արտ» դրամատիկական կենտրոնի միջազգային բաժնի աշխատակից Ալբերտ Բեգջանյանին` բոլոր հարցերում օգնելու և իրենց կողքին լինելու համար։

Թատրոնի աշխատակիցներին նաև բաց նամակ է հղել պարսիկ թատերագետ Նավիդ Սաֆարյանը։ 

«Ողջույն ձեզ, Փարաջանովի արժանի զավակներ և Ստանիսլավսկու ժառանգներ։ Այս նամակը գրում եմ մեծ սիրով և հարգանքով՝ ձեզ հետ կիսվելու իմ տպավորություններով։ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը ինձ ամբողջովին տպավորեց ոչ թե այն պատճառով, որ այն կատարյալ էր, այլ որովհետև ես զգացի, թե ինչպես եմ նստած Մոսկվայի թատրոնում և դիտում Չեխովի բեմադրություններից մեկը՝ Ստանիսլավսկու և նրա ժամանակակիցների խաղով։ Դուք կարծես պատմությունից դուրս եկած լինեիք։ Մյուս կողմից՝ թվում էր, թե դիտում եմ Փարաջանովի նոր գործը՝ գեղեցիկ ու խորհրդավոր խորհրդանիշներով լի մի պոեզիա։ Ես չգիտեմ հայերեն ոչ մի բառ, բայց մի ներկայացում, որը կարողանում է մեկ ժամ ինձ ամբողջովին կլանել՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում հերոսները և որն է պատմությունը, միայն դերասանների շարժումների շնորհիվ բեմադրության էությունն ընկալելը իսկապես մեծ ձեռքբերում է։ Ռիթմը, բեմական հավասարակշռությունը, շարժումների ներդաշնակությունը, դերասանական ամբողջական խաղը, հայկական մշակույթի խորհրդանիշների օգտագործումը, հին բանաստեղծությունների ներառումը, որոնք հոգուն խաղաղություն էին պարգևում, բեմի ստեղծագործական ձևավորումը և բեմադրիչի վարպետությունը այս ներկայացման ուժեղ կողմերն էին»,- նշված է նամակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում