Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Արևշատյանը լույս է ընծայել «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը։ Ուսումնասիրության մեջ քննվում են Մանսուրյանի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչություններն արդի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը երևելի կատարողների հետ, ինչպես նաև նրա գեղագիտական հայացքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։
Աննա Արևշատյանի հետաքրքրությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության նկատմամբ միշտ բավականին մեծ է եղել։ Տարիներ առաջ նա անդրադարձել է մաեստրոյին՝ տարբեր հոդվածներ գրելով նրա մասին։ Փաստում է՝ որքան էլ զարմանալի լինի, մինչ օրս Մանսուրյանին նվիրված մի ամբողջական մենագրություն չի եղել։
«Եղել են բազմաթիվ անդրադարձեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, հեռուստահաղորդումներ, սակայն սա առաջին մենագրությունն է, որտեղ ձգտել եմ հնարավորինս ընդգրկուն ներկայացնել նրա ամբողջ ստեղծագործությունն ըստ ժանրերի։ Ինը գլխից բաղկացած գրքի առաջին մասը պատմում է կոմպոզիտորի կենսագրության մասին, իսկ մյուս մասերն անդրադառնում են Մանսուրյանի ստեղծագործություններին՝ վոկալ-գործիքային, խմբերգային, կոնցերտներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, կինոերաժշտություն և այլն, խոսվում է նաև նրա գեղագիտական հայացքների մասին»,-ասաց նա։
Գիրք գրելու գաղափարը Արևշատյանի մոտ առաջացել է 2022 թվականին։ Կարծել է՝ մենագրությունը կկարողանա ավարտել վեց ամսում, սակայն աշխատելու ընթացքում շատ բացահայտումներ է արել, բազմաթիվ նոր նյութեր գտել, ինչի արդյունքում գրքի լույս ընծայումը երկու տարի է տևել։ Նա մշտական կապի մեջ եղել մաեստրոյի հետ, ամեն բան քննարկել, խորհրդակցել նրա հետ։
Արևշատյանը դա անմոռանալ փորձ է համարում, թեև վաղուց է ճանաչում Մանսուրյանին։ Կոմպոզիտորը նրա դասախոսն է եղել Երևանի պետական կոնսերվատորիայում։ Հեղինակը շնորհակալ է Մանսուրյանին ոգեշնչման, տրամադրած ժամանակի, նյութերի համար։
Նրա խոսքով՝ Հայաստանում լայն հասարակությունը Մանսուրյանի կինոերաժշտությանն է քաջածանոթ, սակայն արտերկրում նրան շատ ավելի լավ են ճանաչում ակադեմիական ստեղծագործությունների շնորհիվ, որոնք կատարում են նշանավոր նվագախմբերը, մենակատարները, ձայնագրում են հեղինակավոր ստուդիաները։ «Դա էլիտար երաժշտություն է, սակայն նրա ժառանգության մեջ կան ակադեմիական ժանրի այնպիսի ստեղծագործություններ, որոնք հասու են նաև երաժշտասերների լայն շրջանակին, օրինակ՝ խմբերգային գործերը։ Տարիներ առաջ մեր օպերային թատրոնում բեմադրվեց Մանսուրյանի բալետը, որը ևս հասանելի երաժշտություն է, բայց նրա ստեղծագործության ամբողջական ճանաչումը Հայաստանում դեռ առջևում է»,-եզրափակեց Աննա Արևշատյանը։
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանն էլ շեշտեց՝ Մանսուրյանի մասին մենագրություն չի գրվել, սակայն նա այն ստեղծագործողներից է, որի մասին խոսքի պակաս չի եղել։ «Նա այն կոմպոզիտորներից է, որի սիրված լինելուն կարող է զուգադրվել մի քանի մարդ։ Նա սիրված է, գնահատված է, մեր արվեստի առաջնորդներից է, մեծ, վաստակաշատ կոմպոզիտոր՝ ընկալված և՛ իր հայրենիքում, և՛ արտերկրում»,-ասաց նա։
Խոսելով Արևշատյանի գրքի մասին՝ Նավոյանն ընդգծեց, որ գրքում հսկայական գրականության ցանկ կա։ «Այդ նյութը ի մի է բերված որպես գիտական մենագրություն, դիմանկար, երաժշտագիտության մեջ ընդունված, երկարացված մի ժանր, որն ունի իր մոդելները, կաղապարները, սակայն հենց գրքի սկզբում հեղինակն ասում է, որ չի հետևելու այդ կաղապարներին և չի հետևում, ինչը չի վնասել գրքի որակին, մակարդակին։ Արևշատյանը գիրքը շարադրել է աշխույժ, կենդանի, գեղարվեստականացված լեզվամտածողությամբ, ինչը թեթև է դարձնում ընթերցումը ինչպես երաժշտագետի, այնպես էլ ոչ մասնագետի համար»,-վստահեցրեց Մհեր Նավոյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մեծ բավականություն է ստացել՝ գիրքը կարդալով։ Նա ևս վստահեցրեց՝ լինելով գիտական՝ գիրքը կարող է մատչելի լինել նաև ուսանողների համար՝ բացահայտելով մեծ մաեստրոյին ու նրա գործունեությունը։ «Երաժշտության ոլորտում եմ եղել, բայց բավականին շատ բացահայտումներ արեցի ինձ համար։ Ցանկանում եմ ընթերցել մի տող, որը հրաշալի նկարագրում է մաեստրոյին ու նրա կերպարը։ Մանսուրյանն ասել է. «Ես հետևել եմ ավանգարդ երաժշտությանը, բայց երբեք չեմ մոռացել, որ տուն ունեմ, որտեղ տան տերը Կոմիտասն է։ Ես ինձ համարում եմ Կոմիտասի ընտանիքի զավակ» »,-ընթերցեց փոխնախարարը։ Շնորհավորելով Մանսուրյանին՝ նա ընդգծեց՝ Մանսուրյանի ստեղծածի շնորհիվ բոլորս Կոմիտասի և Մանսուրյանի տան անդամ ենք։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն ուշադիր լսեց բոլոր ելույթները, սիրով ընդունեց բոլոր շնորհավորանքները և վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի հրատարակմանը։ «Ինձ համար հուզիչ էր Մհեր Նավոյանի խոսքը։ Լսելիս մտովի վերադարձա այն ժամանակներ, երբ ես ծովի մարդ էի և դարձա լեռան մարդ միաժամանակ։ Շատ գեղեցիկ վերլուծական էր գրքի, իսկ Աննա Արևշատյանն ինձ հիացրել է հեղինակի հետաքրքրասիրությամբ, նախաձեռնողականությամբ, բաց լինելով։ Երկու տարվա ընթացքում հաճախ ենք հանդիպել։ Շատ արդյունավետ է եղել, այն որ Արևշատյանն իր տեսանկյունից է նայել իմ ստեղծագործություններին, յուրովի գնահատել դրանք»,-նշեց Մանսուրյանն ու խոստովանեց՝ դժվար է երկու բառով ասել, թե որքան է կարևորում գեղեցիկ հայերենով, գեղեցիկ ձևավորմամբ մենագրության հրատարակումը։
«Տիգրան Մանսուրյան» մենագրությունը, որը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, հասցեագրվում է կոմպոզիտորի ժառանգությամբ հետաքրքրվող մասնագետներին և երաժշտասերների լայն շրջանակին։