Հայաստանյան հանդիսատեսը գնալով էլ ավելի պահանջկոտ է դառնում՝ նախընտրելով ոչ ստատիկ ցուցադրություններ և համերգներ, ինչի արդյունքում շատ արտիստներ սկսել են հանդես գալ տարբեր խմբերի հետ, որտեղ մասնակիցները կարողանում են թե՛ երգել, թե՛ պարել։
Նման խմբերի ցանկում առանձնանում է «Hi Arev»-ը, որտեղ կարող են սովորել 4-15 տարեկան, ձայնային և պարային տվյալներ ունեցող երեխաները։ Խումբը գործում է Թագուհի Գևորգյանի ղեկավարությամբ, ով շատ է կարևորում ժամանակին համընթաց քայլելը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ տարբեր սիրված արտիստների հետ, Հայաստանում գրեթե բոլոր մեծամասշտաբ միջոցառումներին ունեցել են մասնակցություն, ինչպես նաև շրջագայություններ տարբեր երկրներում։ 2019 թվականին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների փակման գալա համերգին մասնակցություն է ունեցել «Hi Arev» խումբը։ Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանից «Hi Arev» խմբի սաները մասնակցել են «Զարթոնք» պարախմբի 30-ամյակին և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150֊ամյակին նվիրված միջոցառումներին` «Չարի վերջը» երաժշտական ներկայացմամբ։ Դե իսկ 2024-ի հունիսի 1-ին ընդառաջ, 15 տարվա ընդմիջումից հետո, վերաթողարկվեց հանրահայտ հունիսմեկյան երգը` հին և նոր սերնդի կատարմամբ, ինչպես նաև խմբի սաները Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հետ հանդես եկան «Հայաստանի բալիկներ» երգով։ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի վարչության հրավերով` «Hi Arev»-ի սաներն իրենց մասնակցությունն ունեցան նաև Երեխաների պաշտպանության օրվա համար կազմակերպված տոնակատարությանը։ Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվեց «Մարդուկ Ջարդուկը» մանկական ինտերակտիվ ներկայացումը, որտեղ ևս ներգրավված էին «Hi Arev»-ի սաները։ Խմբի սաներին հանդիսատեսը կարող է նաև հիշել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրվա Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերից, երբ նրանք կատարեցին «Երևան իմ տուն» երգը` շրջելով Երևանի փողոցներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի ղեկավարը կարևորում է սաների ստացած մասնագիտական կրթությունը, որով նրանք իրենց ունակությունները կբացահայտեն ու ցույց կտան տարբեր իրավիճակներում։ Խմբի սաները հանդես են եկել Ամանորյա տարբեր ներկայացումների ժամանակ, ինչպես նաև մասնիկն են դարձել Հանրապետության Հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառմանն ուղեկցող հեքիաթային մյուզիքլային միջոցառումներին։
Նարինե Մարգարյան