«Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է «Սեզար» մրցանակի «Մսյո Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրի դերակատարման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սեզար» 50-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում 2025 թվականի փետրվարի 28-ին։
«Մսյո Ազնավուր»-ը նաև առաջադրված է «Լավագույն զգեստներ», «Լավագույն արտադրության ձևավորում» և «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգերում:
Աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմում ներկայացվում է Ազնավուրի կյանքը՝ առաջին քայլերից մինչև համաշխարհային հռչակ։ Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է նա հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալի հետք թողել երաժշտության աշխարհում:
Ֆիլմը հայաստանյան կինովարձույթ է մուտք գործել 2024-ի դեկտեմբերի 7-ին ընդառաջ․ հենց այդ օրը ևս մեկ անգամ վերահաստատվել է Ազնավուրի և հայ ժողովրդի սիրո պատմությունը։ Ազնավուրը բոլոր լրատվամիջոցներով մարդկանց արթնացրել է, ոտքի հանել, որ անտարբեր չլինեն Հայաստանի հանդեպ: Գյումրիում լուծել է նաև էլեկտրականության հարցը, որի շնորհիվ երգիչ, երգահան, դերասան, արտիստ, գրող կոչումներից բացի ստացել է նաև «Լույսի Շառլ» անունը։ Հայաստանյան այցելության կադրերը ևս իրենց արտացոլումն են գտել «Մսյո Ազնավուր» ֆիլմում։
Երաժշտության լեգենդին մարմնավորած դերասան Թահիր Ռահիմն ավելի վաղ արդեն արժանացել է «Սեզար» մրցանակի։ Նա հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։
«Մսյո Ազնավուր» ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։ Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն ներկայացվել է հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։