Քաղաքականություն

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

2 րոպեի ընթերցում

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

ԲՐՅՈՒՍԵԼ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։    

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։ 

Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը ներառում է բոլոր դաշնային ոլորտները՝ հարկային քաղաքականություն, աշխատանք և գործազրկություն, կենսաթոշակային համակարգ, անվտանգություն, ներգաղթ, շարժունակություն, կլիմա, պաշտպանություն և արտաքին քաղաքականություն։ Ծրագրում անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին։ Ըստ նոր կառավարության՝ Հարավային Կովկասը արժանի է Եվրոպայի կողմից ավելի մեծ ուշադրության։ 

«Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի հետ ոչ միայն խորը մշակութային կապեր ունենք, այլ նաև այն կարևոր դեր է խաղում մեր ապագա էներգամատակարարման և Ասիա տանող տրանսպորտային միջանցքի տեսանկյունից։ Լարված հարաբերությունները և շարունակվող հակամարտությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, պահանջում են Եվրոպայի և Բելգիայի թիրախային մոտեցումը։ Մենք հստակորեն պահանջում ենք հարգել ներգրավված կողմերի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցության շարունակմամբ մենք նպաստում ենք տարածաշրջանի կայունությանը», - ամրագրված է Բելգիայի նոր կառավարության քաղաքական ծրագրում։  

Բելգիայի նոր կառավարությունը պետությունը կկառավարի մինչև 2029 թվականը, եթե նոր ճգնաժամ չլինի և կառավարությունը չփլուզվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում