Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը սպասված իրադարձություն է համարում:
«Համահայկական երկրորդ խաղերը հիրավի երկար սպասված էին: Այս խաղերը ինքնին մեծ միջոցառումներն են, և կարիքը կա դրանք հաճախակի կազմակերպելու: Հենց Համահայկական խաղերն են, որ նպաստելու են թե դահուկասպորտի զարգացմանը, և թե կօգնեն արտերկրում գտնել հանդես եկող հայազգի մարզիկների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը:
Վերջինիս խոսքով` Համահայկական այս խաղերի համար կազմակերպչական մեծ աշխատանք է տարվել:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում դահուկասպորտում մրցում են մոտ 50 մասնակիցներ` Հայաստանից և Ռուսաստանից, իսկ սնոուբորդին մասնակիցներ կան եվրոպական երկրներից ևս:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները դահուկորդներն են: Տղամարդկանց ազատ ոճում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից Միքայել Միքայելյանը, ով ներկայացնում էր Աշոցքը: Երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երկուսն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղում Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն է Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, և երրորդը Ռոզա Սիմոնյանն է Գյումրուց: