Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երկու համերգով հանդես կգա Փարիզում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երկու համերգով հանդես կգա Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 28-ին և 29-ին երկու բացառիկ համերգով ելույթ կունենա Փարիզում՝ ներկայացնելով հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբից, առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված կլինեն Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Համերգի գլխավոր գործընկերն է AKNEYE-ը։

Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես կգա դեբյուտային համերգով, որի տոմսերն արդեն սպառված են։ Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններն են: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։ Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է երաժշտության ուժով հոգևոր վերելքի ձգտման և հայ երաժշտական ավանդույթների պահպանման նպատակների շուրջ միավորված մի խումբ դասական երաժշտության նվիրյալների ուժերով։ Իր հստակ ու նրբագեղ հնչողությամբ, ինչպես նաև ազդեցիկ կատարողական ոճով ճանաչված նվագախումբը սպասված հյուր է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի առաջատար համերգասրահներում։ Հայաստանում և արտերկրում անցկացվող տարեկան ավելի քան 50 համերգների հարուստ երկացանկերը ներառում են տարբեր ժանրերի և կատարողական ձևաչափերի համերգներ՝ սիմֆոնիկ, բալետային ու օպերային երաժշտությունից մինչև հանրամատչելի կինեմատոգրաֆիական երաժշտության սիմֆոնիկ փոխադրումներ և դասական գործերի ջազային մեկնաբանություններ։

Նվագախումբն իր հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծել է չորս ամենամյա փառատոն, որոնց շրջանակում Հայաստան են հրավիրվել աշխարհի բազմաթիվ վիրտուոզ մենակատարներ և դիրիժորներ: Նվագախումբը նաև համագործակցում է ժամանակակից մի շարք անվանի կոմպոզիտորների հետ։

Դասական երաժշտության և արդի տեխնոլոգիաների երկխոսության հանդեպ հավատի շնորհիվ նվագախումբն աչքի է ընկնում նորարար նախաձեռնություններով՝ իր գեղարվեստական նպատակների համար համարձակ փորձերով կիրառելով արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների հնարավորությունները։ Տարեցտարի ընդլայնվում է նաև նվագախմբի դերը Հայաստանում երիտասարդների մշակութային կրթության ուղղությամբ։ Դպրոցականների և ուսանողների համար անցկացվող կրթական ծրագրերով նվագախումբը փորձում է պատանիների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք դասական երաժշտության հանդեպ՝ նրանց հղկելով որպես դասական համերգի ունկնդիրներ։

Հետամուտ լինելով իր սոցիալական պատասխանատվությանը՝ նվագախումբը հանձնառություն է կրում նաև հանրության խոցելի խմբերի մշակութային ներգրավման համար՝ իր համերգներին պարբերաբար տրամադրելով անվճար հաճախումների հրավերներ, ինչպես նաև մասնակցում է դրամահավաքային նպատակներով անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում