ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Air Fest» փառատոնը ներկայանում է նոր ծրագրով ու թռիչքային ավելի մեծ հնարավորություններով։ Սեպտեմբերի 28-ին արդեն 5-րդ անգամ անցկացվելու է «Air Fest» փառատոնը։ Սկզբում այն անցկացվել է Ստեփանակերտում, նախորդ տարի՝ Ստեփանավանում, այս տարի օդային շոուների համար ընտրվել է Եղվարդը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամ»-ի տնօրեն, «Air Fest» փառատոնի կազմակերպիչ, օդաչու Արմեն Սարգսյանը նշեց, որ փառատոնն արդեն բավական սիրված ու սպասված իրադարձություն է դարձել։
«Երբ նոր էինք սկսում անցկացնել, 2 ինքնաթիռ էր մասնակցում, այսօր մոտ 20 ինքնաթիռ ունենք։ Իրենց ինքնաթիռներով հյուրեր են գալու Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից։ Բավական հետաքրքիր օդային շոու է կազմակերպվելու։ Երկնքում կհայտնվեն ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ»,-ասաց Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ ակնկալվում է 4 հազարից ավելի այցելություն։
Փառատոնն ուղեկցվելու է նաև համերգային ծրագրով։ «Air Fest» փառատոնի համակարգող Ելենա Նալբանդյանը նշեց, որ ավիացիայով, ինքնաթիռներով, ընդհանրապես թռիչքներով բոլոր հետաքրքվածները կարող են գալ, ականատես լինել օդային գեղեցիկ շոուին, որը հետաքրքիր է լինելու նաև երեխաների համար։
«Միջոցառումը կմեկնարկի ժամը 12։00-ին է, մուտքն ազատ է, ունենք նաև անվճար տեղափոխության հնարավորություն՝ դեպի միջոցառման անցկացման վայր։ Մանրամասների համար պետք է այցելել Ինստագրամում մեր էջ ու նախապես գրանցվել։ Ունենալու ենք թռիչքների հնարավորություն պարապլաններով, ուղղաթիռներով, օդապարիկներով, որի տոմսերը պետք է նախապես ձեռք բերել»,-ասաց Ելենա Նալբանդյանը։
Պատասխանատուները նշում են, որ փառատոնը միայն հետաքրքիր ժամանցի մասին չէ, վերջինիս հիմնական նպատակը Հայաստանում փոքր ավիացիայի զարգացումն է։ «Air Fest»-ը հյուրընկալելու է ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց փորձով՝ անդրադառնալով ավիացիայի միտումներին։ Պրոֆեսիոնալ օդաչուները հանդես կգան նաև դասախոսություններով։
Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։ Կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը նշեց, որ փառատոնային տուրիզմը նկատելի զարգացում է ապրում Հայաստանում։ Տարվա ընթացքում կոմիտեն իր աջակցությունն է ցուցաբերում 10-ից ավելի փառատոնի։
«Արկածային տուրիզմը զբոսաշրջության ոլորտի առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Մենք ունենք առանձնացված ուղղություններ՝ մշակույթ, գաստրո, բնություն և արկածային։ Այս բոլոր ուղղություններով զբոսաշրջային հնարավորությունները զարգացնելու առումով հետևողական աշխատանք է տարվում։ Միջազգային խոշոր ցուցահանդեսներին առանձին շեշտադրմամբ ներկայացնում ենք փառատոնին տուրիզմի հնարավորությունները։ Ասեմ, որ արկածային տուրիզմը ևս զարգանում է, նախորդ տարիների համեմատ հիմա ավելի շատ պրոդուկտներով ենք հանդես գալիս»,-ասաց Անահիտ Բաղդասարյանը։
Առաջիկայում սպասվում են Արենի գինու, ինչպես նաև «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդապարիկների փառատոնները։
Ելենա Նալբանդյան, Արմեն Սարգսյան, Անահիտ Բաղդասարյան
Ելենա Նալբանդյան, Արմեն Սարգսյան, Անահիտ Բաղդասարյան