Սպորտ

«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել վոլեյբոլ, վազք, հեռացատկ, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ մարզաձևերում

2 րոպեի ընթերցում

«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել վոլեյբոլ, վազք, հեռացատկ, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ մարզաձևերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան՝ հոկտեմբերի 19-ին ընդառաջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է մարզական մեծ միջոցառում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ազատազրկված կանայք պրոֆեսիոնալ մարզիչների գլխավորությամբ իրենց ուժերն են չափել վոլեյբոլ, վազք, հեռացատկ, սեղանի թենիս, դարթս և բազկամարտ մարզաձևերում։ 

«Ուշագրավ պայքար է ընթացել վոլեյբոլում․ ազատազրկված կանանցից ձևավորված երկու թիմերից հաղթող թիմը մրցաշարից հետո պայքարի մեջ է մտել նաև հիմնարկի վարչակազմի թիմի հետ: Թեժ պայքարի արդյունքում հաղթել են հիմնարկի աշխատակիցները։ 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի օգնական Արա Սիմոնյանը շնորհավորել են բոլոր հաղթողներին, քաջալերել սպորտային միջոցառման մասնակից ազատազրկված կանանց՝ մաղթելով հոգու կորով և հույս հայտնելով, որ նրանց ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջոցառումների կնպաստի արագ վերասոցիալականացմանն ու ժամանակի արդյունավետ օգտագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համայնքապետարանը մրցանակային տեղեր զբաղեցրած ազատազրկված կանանց հանձնել է պատվոգրեր, ձեռքի ժամացույցներ և մարզաշապիկներ։ Պատվոգրեր են ստացել նաև աշխատակիցների վոլեյբոլի թիմի անդամները, իսկ հիմնարկին նվիրաբերել են դարթս և վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի գնդակներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում