Քաղաքականություն

Տարածաշրջանում խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև Վրաստանը, Թուրքիան, Իրանը. ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունները

9 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև Վրաստանը, Թուրքիան, Իրանը. ՀՀ և Վրաստանի վարչապետների հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները: 

Իրակլի Կոբախիձե - Հարգելի պարոն վարչապետ, 

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ: 

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները  հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ  ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել: 

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին,  իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես  առաջնահերթ են: 

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ, շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու համար կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:  

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում: 

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

 

Շնորհակալություն:                             

Նիկոլ Փաշինյան -  Մեծարգո վարչապետ Կոբախիձե, 

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ 

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:   

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է:

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ: 

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում : 

Հարգելի պարոն վարչապետ, 

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը: 

Շնորհակալություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում