Տնտեսություն

Տնտեսվարողները ողջունել են Պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական առաջարկը

3 րոպեի ընթերցում

Տնտեսվարողները ողջունել են Պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկա­մուտների կոմիտեի եկամուտների վարչարա­րու­թյան բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, նիստի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով մշակված օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի կազմում չներգրավված կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչները: 

Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ նոր օրենսդրական նախաձեռնության համատեքստում։ Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն օրինապահ հարկ վճարողների համար մրցակցային միջավայրի ապահովումը և հարկային կարգապահության  բարձրացումն է։

Նիստի ընթացքում քննարկման են ներկայացվել հարկային հանցագործությունների պատասխանատվության դրույթների փոփոխությունները։ Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ինչպես նաև ուսումնասիրված միջազգային փորձը, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Իսպանիա) և Եվրոպական միության անդամ երկրների փորձը, անդրադարձ է կատարվել առանձին երկրների քրեականացված արարքների վերաբերյալ կարգավորումներին։ 

Նշվում է, որ քննարկվել են կոմիտեի կողմից առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, հարկային հանցագործություններում որոշակիացման մեխանիզմները, ինչպես նաև առանձին արարքների սահմանումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ցուցաբերել տարբերակված մոտեցում խրախուսական նորմի կիրառման հնարավորության վերաբերյալ։

Երկխոսության ընթացքում բարձրացվել են օրենսդրական նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները:

ՀՀ պեկ-ի տեղեկացմամբ՝ խորհրդի նիստի արդյունքում առաջարկվել է Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի լավարկմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Առաջարկությունը ողջունվել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամների ու ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համատեղ աշխատանքների մասով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում