Մարզեր

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ծանոթացել է տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ծանոթացել է տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Ջերմուկ քաղաքում սուբվենցիոն ծրագրերով, կառավարության հատկացրած միջոցներով , ինչպես նաև մասնավոր ներդրումներով իրականացվող աշխատանքներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ջերմուկի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: 

«Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամը»,- գրել է վարչապետը։ 

Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղին վերանորոգվել, բարեկարգվել է, կառուցվել են տաղավարներ և տեղեկատվական կենտրոն: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: 

«Շահումյանի, Վ․ Վարդանյանի, Մյասնիկյանի, Մելիք Ադամյանի և Չարենցի փողոցների վերականգման և բարեկարգման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 704 մլն դրամ»,- նշել է Փաշինյանը:

Նա նաև հայտնել է, որ հիմնանորոգվում է Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը: Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում:

Վարչապետ Փաշինյանը նաև հայտնել է, որ Ջերմուկում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է Ազատամարտիկների պուրակը: Ծրագրի արժեքը ավելի քան 30 մլն դրամ է, որից մոտ 14 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Բարեկարգվում է նաև Ջերմուկի 2,4 կմ երկարությամբ Մաշտոցի փողոցը: 

Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 732 մլն դրամ: Աշխատանքները կավարտվեն նոյեմբերին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում