Սպորտ

Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններ

4 րոպեի ընթերցում

Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում կկառուցվեն մարզաառողջարարական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: 

Այն մարզաձևերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, նրանց մարզիչներին ու  բժիշկներին տրվում է դրամական պարգևներ, առաջարկվում է ավելացնել կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձևերը: Ընդ որում, Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է այն ֆեդերացիաների հետ, որոնք հանդիսանում են տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամ և ունեն համապատասխան արտոնագիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղոդագրությունից, առաջարկվում է նաև սահմանել մարզաառողջարարական՝ ֆիթնես դահլիճներին ու մարզիչներին, լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ  դեպքերը:

Օրենքի 9-րդ հոդվածում, որտեղ սահմանված են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, առաջարկվում է ավելացնել երեք նոր կետ՝ մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցության, ինչպես նաև մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձևից, մարզիչների արտոնագրման և վերջինիս կարգը սահմանելու մասին:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ օրենքի նախագծում առաջարկվում է կատարել նաև հետևյալ լրացումը. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն»:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ մասնավորի հետ քննարկում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների կառուցման հարցը: Բանակցությունների արդյունքում կենտրոններից մեկի հետ մոտ ժամանակներս հուշագիր կկնքվի, և նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ 3 համայնքում՝ Եղեգնաձորում, Արարատում և Վարդենիսում, մասնավորի կողմից կկառուցվեն և կշահագործվեն մարզաառողջարարական կենտրոններ, որոնք բացի ֆիթնես դահլիճներից՝ նաև խաղային դահլիճ կունենան:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրման հարցին, նշել է, որ այդ պահանջը, կարելի է ասել, գալիս է հենց ոլորտի ներկայացուցիչներից: Նախարարը կարևորել է մարզիչների արտոնագրման հնարավորությունը և հետագայում նաև վերապատրաստումը: Այդուհանդերձ, ֆիթնես մարզիչների արտոնագրումը դեռևս օրենքով սահմանված պահանջ չէ: 

Քննարկման արդյունքում պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր և առաջարկել մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը լրամշակել այն:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է դրական  եզրակացություն և առաջարկվել այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում