ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտան կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը:
Այս համատեքստում Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առողջապահական կարիքների ու Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների խնդիրների հասցեագրմանն ուղղված օպերատիվ արձագանքը, ինչպես նաև կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՀԿ միջև ծրագրային համագործակցության առկա ընթացքը և հեռանկարային ուղղությունները: