Հիմնանորոգվում է Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի Արեգունի -Գեղամասար 5,3 կիլոմետրանոց հատվածը
2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի հուլիսի 25-ից ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ մեկնարկել և ընթանում են Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի Արեգունի- Գեղամասար 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կատարվում են ՀՀ պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 665 միլիոն 100 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել տվյալ հատվածում գտնվող կամուրջների հիմնանորոգում, սառը վերամշակմամբ հիմքի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, իսկ դրանց ավարտից հետո՝ ճանապարհների կահավորում և գծանշում։
Այս պահին իրականացվում են հիմքի, կողային առուների կառուցման, կողնակների լրացման, արհեստական կառուցվածքների և անասնանցումների նորոգման, ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման մակերեսը կկազմի 43 հազար 830 քառակուսի մետր, մուտքերում և իջատեղերում՝ 2650 քառակուսի մետր։
2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ շինաշխատանքներն այստեղ իրականացվել են շուրջ 35 տոկոսով։ Աշխատանքներն իրականացնում են Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ շինարարները։
Խոսրով Խլղաթյան