Ֆինլանդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին
2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Հայաստանի ժողովրդին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է X սոցիալական ցանցում նրա հրապարակած գրառման մեջ:
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ: Արդյունքները և ընտրողների ռեկորդային բարձր մասնակցությունը վկայում են հայերի խաղաղ և ժողովրդավարական ապագայի մասին»,- նշել է նա:
Congratulations to the people of Armenia for successful parliamentary elections. Results and record high voter turnout indicate a peaceful and democratic future for Armenians.
— Elina Valtonen (@elinavaltonen) June 8, 2026
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։