Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ և հաջողություն մաղթել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիբիհան գրել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման առթիվ: Հաջողություն եմ մաղթում Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան:

«Կարևոր աշխարհաքաղաքական եզրակացությունն այն է, որ Հայաստանն անկայունացնելու և նրա գործերին միջամտելու փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում ձախողվեցին Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի՝ բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,-հայտարարել է Սիբիհան:

Նրա կարծիքով՝ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործել, զարգացնել առկա թափը և իրական արդյունքներ ապահովել Հայաստանի համար:

«Ի տարբերություն Ռուսաստանի՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն»,-նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում