Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին
2 րոպեի ընթերցում

Գյումրիում նախատեսված ժամին մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները համակարգվում են թիվ 31 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից:
Ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, երբ քաղաքում գործընթացը համակարգվում էր միայն թիվ 31 ԸԸՀ-ի կողմից (82 ընտրատեղամասով), համապետական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից 58-ը գտնվում է թիվ 31 ԸԸՀ-ի, իսկ 24-ը՝ թիվ 32 ԸԸՀ-ի համակարգման ներքո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, 80 հազար 375 ընտրող ունեցող տարածքում ընտրությունները մեկնարկել են ժամանակին: «Միակ խնդիրն եղել է այն, որ տեղամասերից չորսում բացակայել են հանձնաժողովի անդամները: Բացակայության պատճառը չգիտենք, բայց ամեն դեպքում իմ կողմից կատարվել են համապատասխան նշանակումներ, և այս պահին ամեն ինչ նորմալ ընթանում է: Իսկ եթե լինում են ընթացիկ հարցեր, փորձում ենք դրանց անմիջապես լուծում տալ: Այս պահի դրությամբ որևէ ահազանգ չկա»,-նշեց Տիգրան Ղազարյանը:
ՀՀ Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզում ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, կազմում է 209 հազար 519 քաղաքացի: Մարզում ձևավորվել է 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, և ընդհանուր առմամբ կգործի 220 ընտրատեղամաս: