Մարզեր

Մեկնարկել են Մարտունի համայնքի կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման շինաշխատանքները

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Մարտունի համայնքի կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման շինաշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն տրվել է կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի կենտրոնական գրադարանի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 231 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է գրադարանի գործող միահարկ հին շենքի քանդում ու տեղում նոր, երկհարկանի շենքի կառուցում՝ արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմանների ապահովմամբ։

«Մարտունիի կենտրոնական գրադարանի շենքը հին էր, մեր ունեցած հարուստ գրքային ֆոնդը՝ շուրջ 80 հազար կտոր արժեքավոր գրքերով, գտնվում էր պահպանության համար ոչ բավարար պայմաններում։ Նոր շենք ունենալու հարցը հասունացել էր շատ վաղուց, անգամ դիտարկվում էր մեր կառույցն ու գրքերն այլ շենք տեղափոխելու տարբերակը, սակայն, ի վերջո, ընտրվեց նույն տեղում նոր շենք կառուցելու ծրագիրը։ Սա շատ կարևոր քայլ է՝ մեր հարուստ գրական ֆոնդը պահպանելու, արդի չափորոշիչներին համապատասխան գրադարան ունենալու համար, մի բան, որին մենք երկար տարիներ ենք սպասել»,-ներկայացրեց Մարտունիի կենտրոնական գրադարանի տնօրեն Ռուզաննա Բեգլարյանը։

Կենտրոնական գրադարանը ժամանակավորապես կգործի Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում