Սևանի երաժշտական դպրոցի սաները հյուրընկալվել են մայրաքաղաքի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում
1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրագործված «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի երաժշտական դպրոցի սաներն այցելել են Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի երաժշտական դպրոցի սաներն այցի շրջանակներում եղել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Նրանք ծանոթացել են կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը, տպավորվել իրենց տեսածով ու ներկայացված տեղեկատվությամբ։ Այնուհետև երաժշտական դպրոցի սաներին ընդունել են Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Սևանցի երեխաները հանդես են եկել գեղեցիկ կատարումներով:
«Անչափ կարևորում ենք նման այցերն ու շփումները մայրաքաղաքի կամ Հայաստանի այլ շրջանների երաժշտական դպրոցների հետ, քանի որ նման հանդիպումները մեր երեխաների համար բացում են հետաքրքրությունների նոր աշխարհ, ճանաչողության նոր շրջանակ, բարեկամություն հաստատելու նոր հնարավորություններ, ու անշուշտ, նոր բան են ավելացնում նրանց գիտելիքներին»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։