ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը՝ հավելելով, որ դատարանը Տոնոյանի խափանման միջոցը փոխել է, և նա ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
«Հիմա մենք աշխատում ենք այդ գրավը վճարելու ուղղությամբ։ Եթե հասցնենք այսօր ներկայացնել դատարան, ապա հենց այսօր էլ Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի, եթե ոչ, ապա վաղը», - իր խոսքում նշեց Բենգլյանը։
Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։
Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված է։