Մշակույթ

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային փառատոնը

4 րոպեի ընթերցում

Արենի համայնքում տեղի կունենա Արհեստների միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»-ը 2024 թ. սեպտեմբերի 14-15-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը: Ծրագրի նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրամասերը, խաղողի մնացորդներն ու աշխարհի ամենահին կոշիկը առանձնացնում են այն, որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք, բացի այդ այն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում:

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից (Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա): 

Արհեստների միջազգային 3-րդ փառատոնն առանձնահատուկ է այն հանգամանքով, որ դրա իրականացմամբ համախմբվում են մի շարք միջազգային մշակութային ծրագրեր՝ նոր համագործակցությունների հնարավորություններ զարգացնելով միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը «Մշակութային ուղիների» հետ և խթանելով միջմշակութային երկխոսությունների նոր հարթակների ձևավորումն ու զարգացումը:

Բացի այդ, փառատոնին կտրվի Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի` «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը, որն այս տարի տեղի կունենա «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, ինչպես նաև դրա շրջանակում կամփոփվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում իրականացվող «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։

Փառատոնի ընթացքում Արենի համայնքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար: 

Այս փառատոնի համն ու հոտը կմատնանշեն Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական ուտեստները: Այցելուները տեղում հնարավորություն կունենան համտեսելու և ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին: 

Փառատոնը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Արհեստների միջազգային առաջին փառատոնը մեկնարկել է 2022 թ. վարպետների քաղաք Գյումրիում, Արհեստների միջազգային 2-րդ փառատոնը տեղի է ունեցել 2024 թ.՝ Դիլիջանում:

2023-2025 թթ. Հայաստանի Հանրապետությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Մշակույթի աշխատանքային խմբի համակարգողն է, ինչպես նաև ընդգծենք, որ Հայաստանն ընդգրկված է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Գինու ուղում»: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում