ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմինը՝ ռազմական կոմիտեն, սեպտեմբերի 13-15-ը Պրահայում նախատեսված հանդիպման ընթացքում կանդրադառնա Ուկրաինայի հետ գործընկերությունը խորացնելու հնարավորությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների գլխավոր շտաբերի պետերն առաջին նիստում կքննարկեն այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում պետությունների ղեկավարների ընդունած որոշումների կատարման ընթացքը:
Այդ կապակցությամբ նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կարևոր քայլեր են ձեռնարկում զսպման և պաշտպանության հետագա ամրապնդման, Ուկրաինայի երկարաժամկետ աջակցության ուժեղացման և համընդհանուր գործընկերության խորացման ուղղությամբ:
Երկրորդ նիստում Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլին գլխավոր շտաբերի պետերին կտեղեկացնի զսպման և պաշտպանության ծրագրերի իրականացման ընթացքի մասին:
Ուկրաինային ՆԱՏՕ-ի աջակցության փաթեթի շրջանակներում կքննարկվի Ուկրաինայի համար՝ ՆԱՏՕ-ի անվտանգության և ուսուցման հարցերով հրամանատարության (NSATU) ստեղծման հարցը, որը կոչված է ծրագրել, համակարգել և կազմակերպել անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը:
Երրորդ նիստում փոխակերպումների հարցերով ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար գեներալ Ֆիլիպ Լավինը կզեկուցի ՆԱՏՕ-ի պաշտպանության պլանավորման գործընթացի (NDPP) համաձայն դաշինքի մարտական գործողությունների վերափոխման մասին:
Գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն նաև ՆԱՏՕ-Ուկրաինա Համատեղ վերլուծության, ուսուցման և կրթության կենտրոնի (JATEC) գործարկման հարցը:
Եռօրյա հանդիպման բացմանը կմասնակցի Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գլխավոր շտաբի պետերի մակարդակով նիստեր է անցկացնում տարեկան երկու անգամ՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում, իսկ տարին մեկ անգամ նիստ է անցկացվում անդամ երկրներից մեկում։ Այս մարմինը հավաքվում է քննարկելու ՆԱՏՕ-ի գործողություններն, առաքելություններն ու գործունեությունը՝ անվտանգության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդին կոնսենսուսի վրա հիմնված ռազմական առաջարկություններ տրամադրելու համար: