«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ֆիլմը պատմում է ծրագրի մասին՝ ներկայացնելով դրվագներ ՀՀ Շիրակի մարզի Արևիկ համայնքում լավաշի թխման գործընթացի, լավաշի թխման վարպետաց դասերի և արդեն 2-րդ տարին իրականացվող «Լավաշի կախարդանքը» փառատոնի մասին:

Արևիկ համայնքը դեռ խորհրդային տարիներից հայտնի է կարմրահատ ցորենից պատրաստված լավաշ հացի թխման ավանդույթով, այն բոլոր կին հացթուխներով, որոնց գիտելիքներն ու հմտությունները կարիք ունեն պահպանության և փոխանցման: Ծրագրի կրթական հատվածն ուղղված էր լավաշի մասին տեղեկությունների և թխելու հմտությունների ուսուցմանը, որին մասնակցել են Գյումրիի և Արևիկ համայնքի ավելի քան 80 երեխա: Լավաշի մասին դասեր են տեղի ունեցել Գյումրիի թիվ 11 դպրոցում, ինչպես նաև լավաշի թխման վարպետության գործնական դասեր՝ Արևիկ համայնքում, թոնրի շուրջ՝ լավաշի փռում:

Ծրագրի մաս կազմող փառատոնն այս տարի նվիրված էր հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում և գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության և ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրիի հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն և երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ: Գյուղական մթերքներով լի տաղավարները ներկայացրել են Արևիկ և հարակից գյուղերը՝ ՀՀ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի է ունեցել լավաշի և այլ ուտեստների համտես, ինչպես նաև ներկայացվել է արցախյան խոհանոցը։ 

 

Հայերեն Español فارسی Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին