Մշակույթ

«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ

3 րոպեի ընթերցում

«Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագիրն ամփոփվել է համանուն ֆիլմի նկարահանմամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ֆիլմը պատմում է ծրագրի մասին՝ ներկայացնելով դրվագներ ՀՀ Շիրակի մարզի Արևիկ համայնքում լավաշի թխման գործընթացի, լավաշի թխման վարպետաց դասերի և արդեն 2-րդ տարին իրականացվող «Լավաշի կախարդանքը» փառատոնի մասին:

Արևիկ համայնքը դեռ խորհրդային տարիներից հայտնի է կարմրահատ ցորենից պատրաստված լավաշ հացի թխման ավանդույթով, այն բոլոր կին հացթուխներով, որոնց գիտելիքներն ու հմտությունները կարիք ունեն պահպանության և փոխանցման: Ծրագրի կրթական հատվածն ուղղված էր լավաշի մասին տեղեկությունների և թխելու հմտությունների ուսուցմանը, որին մասնակցել են Գյումրիի և Արևիկ համայնքի ավելի քան 80 երեխա: Լավաշի մասին դասեր են տեղի ունեցել Գյումրիի թիվ 11 դպրոցում, ինչպես նաև լավաշի թխման վարպետության գործնական դասեր՝ Արևիկ համայնքում, թոնրի շուրջ՝ լավաշի փռում:

Ծրագրի մաս կազմող փառատոնն այս տարի նվիրված էր հայկական լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել տարբեր մշակութային միջոցառումներ՝ լավաշի թեմայով բեմականացում և գեղանկարների ցուցահանդես, պատ-գեղանկարի (սթրիթ արտ) ստեղծում, կարպետագործության և ուլունքագործության վարպետաց դասեր, Գյումրիի հուշանվեր-դռների պատրաստում, երեխաների համար՝ կավճանկարչություն և երաժշտություն՝ նորաստեղծ «Ֆոլկաստիկ» բենդի կատարմամբ: Գյուղական մթերքներով լի տաղավարները ներկայացրել են Արևիկ և հարակից գյուղերը՝ ՀՀ Շիրակի մարզի Հայկավան, Հացիկ, Փոքրաշեն, Կարմրաքար, Բաշգյուղ: Տեղի է ունեցել լավաշի և այլ ուտեստների համտես, ինչպես նաև ներկայացվել է արցախյան խոհանոցը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում