Շինարարությունը Հայաստանի տնտեսությունն առաջնորդող կարևորագույն ճյուղերից է․ օգոստոսի 11-ին նշվելու է Շինարարի օրը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը։ Այս տարի Շինարարի օրը կնշվի օգոստոսի 11-ին։
Օրվան ընդառաջ Երևանում կայացավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլոք։
Միջոցառման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց այն կարևոր աշխատանքի համար, որ ամեն օր շինարարներն իրականացնում են՝ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման և հզորացման։
«Ցանկանում եմ նաև վերահաստատել կառավարության անվերապահ աջակցությունն այն բոլոր անելիքներին, որոնք վերաբերում են հավակնոտ թիրախներ սահմանելուն և դրանք իրագործելու ձեր պլաններին: Շինարարական գործունեության զարգացման ուղղությամբ կառավարության քաղաքականությունը բազմաչափ է և միաժամանակ մի քանի նպատակ ունի, որոնցից առաջինն, իհարկե, մեր հասարակության համար անվտանգության երաշխիքների ավելացումն է:
Մենք պետք է վստահ լինենք, որ զարգացող տեխնոլոգիաների պատշաճ կիրառությունն ավելացնում է ինչպես բնական երևույթների, այնպես էլ կառուցման հետ կապված հնարավոր ռիսկերից պաշտպանվածության աստիճանը: Հաջորդը որակի և հարմարավետության հարցն է, սա այն ռիսկն է, որն առաջանում է դրված նպատակներին հնարավորինս արագ հասնելու պատճառով, և մենք չենք կարող թույլ տալ, որ նպատակին հասնելու գործոնը տեղի ունենա աշխատանքի որակի հաշվին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փոխվարչապետը:
Խաչատրյանի խոսքով՝ շատ կարևոր է հետևել աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և ձգտել դրանց կիրառությամբ նվազեցնել շինարարության ծախսերը և բարձրացնել կատարվող աշխատանքների շահութաբերությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց շինարարներին՝ նշելով, որ շինարարության ոլորտը շարունակում է լինել տնտեսությունն առաջնորդող կարևորագույն ճյուղերից մեկը։
«Անկախացումից ի վեր պետական մակարդակով նման մասշտաբային ծրագրեր չէին իրագործվել, ինչն էլ հասկանալի է դարձնում ի հայտ եկած մարտահրավերները։ Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է կառավարության միակ պահանջն ու խաղի գլխավոր կանոնը»,- ասաց Վարդանյանը։
Բարձր գնահատելով շինարարական ավանդույթները՝ կոմիտեի ղեկավարը միաժամանակ կարևորեց մասնագիտական զարգացումը։ Նա ընդգծեց համատեղ ուժերով հայ շինարարի հեղինակությունը, նրա հանդեպ վստահությունը վերականգնելու կարևորությունը։
Անդրադառնալով գալիք առավել հավակնոտ ծրագրերին՝ Եղիազար Վարդանյանը նշեց, որ ոլորտի կազմակերպությունների համար լայն հեռանկար է բացվում, որին պետք է պատրաստվել այսօրվանից՝ զարգացնելով կարողությունները, տեխնիկապես վերազինվելով, ծանոթանալով նորագույն լուծումներին, մակրոծրագրերի տրամաբանությանը համահունչ կատարելագործվելով. «Ես հավատում եմ, որ հայաստանյան ընկերությունները կարող են ճիշտ օգտվել ստեղծվող հնարավորություններից։ Կընտրե՞նք ինքնակատարելագործման ճանապարհը, ուրեմն կհաղթահարենք մարտահրավերները՝ դրանք վերածելով հնարավորությունների»,- մանրամասնեց Վարդանյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արժևորելով այն կարևոր աշխատանքը, որ իրականացնում են շինարարները, նշեց՝ հաճախ շինարարությունը նյութական, ֆինանսական բաղադրիչով են դիտարկում, սակայն, ըստ նախարարի, այն հոգեվիճակ է. «Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ»,-ասաց նախարարը:
Սանոսյանն ընդգծեց՝ ՀՀ կառավարությունը հսկայածավալ շինարարական նախագծեր ունի ոչ միայն հիմա, այլ նաև առաջիկայում, և, դինամիկան պահպանելով, մի շարք խոշոր ծրագրեր պետք է համատեղ իրականացնեն: Նախարարը ուրախությամբ նշեց, որ կառավարության ծրագրերին համահունչ շինարարները կարողանում են իրենց կարողությունները ավելացնել, որպեսզի միասին կարողանան նախանշված ծրագրերը կյանքի կոչել:
Միջոցառման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեն ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պարգևատրեց մեդալներով։