Ռուսաստան

Մեքսիկան մերժել է Պուտինին այցի ժամանակ ձերբակալելու՝ Ուկրաինայի դիմումը

2 րոպեի ընթերցում

Մեքսիկան մերժել է Պուտինին այցի ժամանակ ձերբակալելու՝ Ուկրաինայի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահը մերժել է Ուկրաինայի դիմումը՝ ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի պետության նոր ղեկավարի երդմնակալությանը, որի տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

«Մենք չենք կարող դա անել: Դա մեր գործը չէ», - գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը լրագրողներին հայտնել է օգոստոսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի ընտրված նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։ 

Ըստ Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատան օգոստոսի 7-ի հայտարարության՝ դիմումում մատնանշվում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալության հրամանը: 

«Մենք հուսով ենք` Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ Վլադիմիր Պուտինը պատերազմական հանցագործ է, որին ձերբակալելու հրաման է տրվել», - ասվում է Ուկրաինայի դեսպանատան հայտարարության մեջ:

Շեյնբաումի թիմը Ռուսաստանի նախագահին հրավիրել է մասնակցել երդմնակալությանը։ Նման դիվանագիտական ​​ծանուցում է ուղարկվել բոլոր այն երկրներին, որոնց հետ Մեքսիկան դիվանագիտական ​​հարաբերություններ ունի: Հունիսին Պուտինը շնորհավորել էր Շեյնբաումին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ Մեքսիկան համարելով «Ռուսաստանի՝ պատմականորեն բարեկամ գործընկերը Լատինական Ամերիկայում»:

Անցյալ տարի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Պուտինին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ՝ կապված Ուկրաինայում հակամարտության ընթացքում երեխաների ապօրինի արտաքսման հետ։

Մեքսիկան ՄՔԴ-ի անդամ է, Ռուսաստանը՝ ոչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում