Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության նախագահը դրական է արձագանքել եռակողմ հանդիպման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, իսկ  կղզու թուրքերի ղեկավարը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դրա համար: 

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Kibris թերթը, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ ի պատասխան եռակողմ հանդիպման հարցի, պնդել է, որ չի կարող խոսք լինել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման մասին՝ առանց թուրքական կողմի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրման։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կողմից եռակողմ հանդիպման հրավեր չի եղել։ Մենք ներկա պայմաններում եռակողմ հանդիպման կողմնակից չենք: Նման հանդիպման պատճառ չկա։ Մեր դիրքորոշումը, թե ինչ պայմաններով կարող են սկսվել բանակցությունները, հստակ է. բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ մեր ինքնիշխան իրավահավասարությունն ու հավասար միջազգային կարգավիճակը չեն գրանցվել»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 13-ին իրեն հրավիրել է եռակողմ հանդիպման նախագահ Էրսին Թաթարի հետ և ինքն ընդունել է այն, հայտնում է Cyprus-mail-ը։

Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ թուրքական կողմից նույնպես դրական արձագանք կլինի հանդիպման առաջարկին, որը կբերի դրական արդյունքների, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման:

Խրիստոդուլիդեսի խոսքով՝ կղզում առկա ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, քանի որ իր հիմնական մտահոգությունը օկուպացիայի ավարտն է, երկրի ազատագրումն ու վերամիավորումը:

Ըստ Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ մեծ աշխատանք է տարվում  իրենց կողմից ճեղքելու այն փակուղին, որում հայտնվել է Կիպրոսի խնդրի կարգավորումը 2017 թվականին Կրան-Մոնտանայում բանակցային գործընթացի խաթարումից հետո: 

Կիպրոսը երկու մասերի բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների արդյունքում Կիպրոսի տարածքի մի մասն անցավ Թուրքիայի վերահսկողության տակ, որի վրա ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ 

Կղզու հարավային մասը՝ բնակեցված հիմնականում հույն ազգաբնակչությամբ, մնաց Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։

Հուլիսի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի 50-ամյակի առթիվ՝ իր զորակցությունն ու աջակցությունը հայտնելով Կիպրոսի Հանրապետությանը՝ հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում:

«Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- ասված էր դեսպանության հաղոդրագորության մեջ:

Հայերեն Русский

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն